Գովազդների արանքում նայում ենք Tete A Tete․ բաց նամակ Մհերին ու… — Starnews.am

Սիրելի՛ Մհեր,

Դուք պրոֆեսիոնալ մարդ եք, լավ լրագրող, հետաքրքիր հաղորդավար ու զրուցակից։ Ավելին՝ այն հազվագյուտ հաղորդավարներից եք, ովքեր հյուրին ուղնուծուծով մանրամասն ուսումնասիրում եք, նոր միայն հանդիպման գնում։ Ձեր հաղորդումները հետաքրքիր են, դիտվող ու հաջողված՝ հյուրերի լավ ընտրությամբ։

Սակայն թվում է՝ Դուք և հաղորդման (ինչպես նաև «Օձի լեզու» նախագծի) համապրոդյուսեր Արա Ղազարյանը մի փոքր չափից շատ եք կենտրոնացել գովազդների վրա, մի քիչ խոսակցական լեզվով ասած «գովազդի զոռ եք» տվել։ Դրան էլ ավելացել են գովազդային առաջարկների համար հեռախոսահամար։

Հասկանալի է, որ հաղորդում պատրաստելը հեշտ ու էժան գործընթաց չէ։ Հասկանալի է նաև, որ վճարովի հյուրեր չունեք և հավելյալ ֆինանսական հոսքի կարիք կա։ Բայց արդեն այնպես է ստացվում, որ մենք ոչ թե Tete A Tete-ն ենք դիտում՝ ընթացքում գովազդներով, այլ գովազդներն ենք դիտում՝ ընթացքում Tete A Tete-ով։ Միտքս շարունակելով պետք է ասեմ, որ Ձեր գովազդներն էլ «Աստված տվել չի խնայել» երկար են:

Իհարկե, մենք այդքան միջոցներ չունենք, թե չէ Starnews.am-ը մեծ հաճույքով կհովանավորեր Ձեր որակյալ հաղորդումները։ (Այո՛, մի զարմացեք, մենք էլ «աստղ ցույց տալու» համար գումար չենք վերցնում)։

Բայց խնդրանք ունենք այն թիմից, որը Ձեր հաղորդումները լուսաբանելու համար ամբողջությամբ դիտում է դրանք՝ կամ ուղարկեք մեզ միայն հաղորդման փակ հղումը, կամ գովազդները մի փոքր կրճատեք, կամ էլ՝ քչացրեք։

Ամեն ինչից զատ՝ մաղթում ենք Ձեզ հաջողություն և մեծ հույս ունենք, որ մեր «աստղային» կայքի խնդրանքը հաշվի կառնվի։ Թե չէ արդեն պարոն Արմեն Աշոտյանի հաղորդումից ավելի շատ հիշվում են սուպերմարկետը, ատամնաբուժարանը և միգրանտներին աջակցող մեր գեղեցկուհի հայրենակցուհին։ (Եթե ինչ՝ սա էլ մեր կողմից փոքրիկ գովազդ էր)։

Այսքանը։ Շնորհակալություն բաց նամակը կարդալու համար։

Հարգանքով՝
StarNews թիմ