Արմեն Աշոտյանի բացահայտումը Անդրանիկ Մարգարյանի առեղծվածային մահվան մասին․ Բացառիկ

Tete A Tete հաղորդման հյուրն էր Հանրապետական կուսակցության փոխնախագահ, նախկին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Զրույցին հետևել է StarNews-ը։Զրույցի ընթացքում քննարկվել են թե՛ քաղաքական, թե՛ անձնական բնույթի թեմաներ, որոնցից առանձնահատուկ ուշադրություն է գրավել Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին հատվածը։

Անդրադառնալով 2007 թվականի մարտի 25-ին տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ Աշոտյանը հիշեցրել է, որ պաշտոնական տվյալներով Անդրանիկ Մարգարյանի մահվան պատճառը սրտի կաթվածն էր։ Սակայն, նրա խոսքով, այդ ժամանակ հանրության և քաղաքական շրջանակների ներսում տարբեր խոսակցություններ էին շրջանառվում, այդ թվում՝ վարկածներ, թե վարչապետը սպանվել է։

Արմեն Աշոտյանը պատմել է, որ անձամբ է ցանկացել մասնակցել դիահերձմանը։ Նրա խոսքով՝ լինելով դատաբժշկական կրթություն ունեցող մասնագետ՝ նա համոզել է գլխավոր բժշկին թույլ տալ ներկա գտնվել գործընթացին՝ սեփական աչքով համոզվելու համար, որ տարածվող խոսակցությունները իրականության հետ կապ չունեն։

«Դա արեցի հանուն իմ սրտի հանգստության»,– նշել է նա։

Զրույցի ընթացքում Աշոտյանը խոսել է նաև Անդրանիկ Մարգարյանի մարդկային տեսակի մասին՝ ընդգծելով նրա պարզությունն ու անմիջականությունը։ Նրա խոսքով՝ նույնիսկ վարչապետ եղած տարիներին Մարգարյանը չէր փոխել իր կենսակերպը և շարունակում էր պահպանել սովորական մարդու վարքագիծը։

Աշոտյանը հիշել է, որ պաշտոնական աշխատանքից հետո Մարգարյանը վերադառնում էր տուն, հագնում իր սովորական հագուստը և իջնում հարևանների հետ շփվելու։ Նրա համոզմամբ՝ հենց այդ բնական ու չցուցադրվող պարզությունն էր իրական անկեղծության արտահայտությունը։