«Միանգամից 6 տեղ էի աշխատում»․ Աննա Մանուչարյանը՝ որդուն միայնակ մեծացնելու դժվարությունների մասին

Օրերս «No ֆիլտր» հաղորդման հյուրն էր դերասանուհի Աննա Մանուչարյանը, որի անկեղծ զրույցին հետևել է StarNews-ը։ Հաղորդման ընթացքում դերասանուհին բաց խոսել է կյանքի ամենաբարդ փուլերից մեկի, ֆինանսական դժվարությունների և որդուն միայնակ մեծացնելու մասին։

Աննան խոստովանել է, որ եղել է ժամանակաշրջան, երբ ստիպված է եղել միաժամանակ աշխատել վեց տարբեր վայրերում՝ երեխայի խնամքն ու առօրյա հոգսերը հոգալու համար։

«Կար ժամանակ, երբ ես միանգամից 6 տեղ էի աշխատում, չէի հասցնում քնել, նորմալ սնվել ու միայն հասցնում էի երեխային խնամել»,- պատմել է դերասանուհին։

Նրա խոսքով՝ այդ փուլում իր կյանքում հայտնվել են նույնիսկ անծանոթ մարդիկ, ովքեր ցանկացել են օգնել։ Սկզբում նա հրաժարվել է օգնությունից՝ վստահ լինելով, որ ինքնուրույն կհաղթահարի բոլոր դժվարությունները, սակայն ժամանակի ընթացքում հասկացել է, որ երբեմն օգնություն ընդունելն էլ կարևոր է։

Դերասանուհին նշել է, որ դժվարություններն ամենատարբեր ոլորտներում էին՝ թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական։ Բացի այդ, ծնողները հեռու էին, իսկ փաստաթղթային խնդիրների պատճառով չէր կարողանում Հայաստան վերադառնալ։

«Այդ շրջանում դժվարություն կար ամեն ինչի հետ կապված, թե ֆինանսական, թե հոգեպես էի ճնշված, թե երեխային մեծացնելու հետ կապված»,- անկեղծացել է նա։

Աննա Մանուչարյանի պատմությունը հուզել է բազմաթիվ հետևորդների։