Հիշողության կորուստ ունի, խոսքն անհասկանալի է․ ինչ վիճակում է 12-ամյա երեխան, որին թմրանյութ էին տվել

Երեխայի ինքնազգացողությունը վատացել է դեռևս էքսկուրսիայից տուն վերադառնալու ճանապարհին` ավտոբուսում:

Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է Օրգով գյուղի դպրոցի 12–ամյա աշակերտի հորաքույրը, անդրադառնալով երեխային քաղցրի միջոցով թմրանյութ տալու դեպքին։
Նրա խոսքով, նախքան էքսկուրսիա գնալը երեխան իրեն լավ է զգացել, որևէ արտասովոր բան չեն նկատել:

Տուն վերադառնալուց հետո ծնողները նկատել են, որ երեխան իրեն լավ չէ զգում, տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց, որտեղ չեն կարողացել պարզել, թե ինչն է ինքնազգացողության վատթարացման պատճառը: Հաջորդ օրը տղային տեղափոխել են «Ուիգմոր» ԲԿ, որտեղ էլ պարզվել է, որ երեխային ենթադրաբար թմրամիջոց են տվել:

Տղայի հորաքույրը նշեց, որ երեխան երեկ է դուրս գրվել հիվանդանոցից, այս պահին տանն է, սակայն հոգեբանական վատ վիճակում է գտնվում, նրա հետ աշխատում են հոգեբանը: Հորաքրոջ խոսքով, երեխան հիշողության կորուստ ունի, խոսքն անտրամաբանական և անհասկանալի է: