FACET․ Երևանում կայացավ Լիլիթ Գալստյանի զարդերի լուսանկարչությանը նվիրված ցուցահանդեսը

2026 թվականի սեպտեմբերի 11-ից 13-ը Երևանում կայացավ լուսանկարիչ Լիլիթ Գալստյանի FACET ցուցահանդեսը՝ նվիրված զարդերի լուսանկարչությանը և զարդերի վիզուալ ներկայացման ժամանակակից ընկալմանը։ Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին՝ Viking Smoke House-ում։

FACET նախագիծը զարդը ներկայացնում է ոչ միայն որպես առևտրային առարկա, այլև որպես կադրի լիարժեք հերոս։ Լույսը, մետաղի և քարերի հյուսվածքը, կոմպոզիցիան, մանրուքները և զարդի փոխազդեցությունը մարդու հետ ձևավորում են ինքնուրույն վիզուալ լեզու, որտեղ առարկայական լուսանկարչությունը հայտնվում է կոմերցիայի և արվեստի սահմանագծին։

Լիլիթ Գալստյանի համար այս նախագիծը դարձել է այն մասնագիտական ճանապարհի բնական շարունակությունը, որը սկսվել է բոլորովին այլ ոլորտում։ Երևանի պետական համալսարանում ստանալով կրթություն միջազգային հարաբերությունների և պետական կառավարման ոլորտներում՝ նա իր կարիերան սկսել է հասարակայնության հետ կապերի բնագավառում։ Հենց բրենդների համար վիզուալ նյութերի ստեղծման աշխատանքն է նրան բերել դեպի լուսանկարչություն և հետագայում դարձել մասնագիտական ուղղությունը փոխելու պատճառ։

2014 թվականին Գալստյանը սկսել է մասնագիտորեն ուսումնասիրել լուսանկարչությունը՝ այդ թվում անցնելով Մոսկվայի Photoplay դպրոցի կոմերցիոն լուսանկարչության ծրագիրը, ինչպես նաև սովորելով American University of Armenia-ի AUA Extension ծրագրում։ Այս կրթական ծրագրերը նրան օգնել են ձևավորել առարկայական լուսանկարչության սեփական մոտեցումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով լույսին, կոմպոզիցիային, առարկայի ձևին և հյուսվածքին։

2015 թվականից նրա մասնագիտական գործունեության հիմնական ուղղությունը դարձել է հենց զարդերի լուսանկարչությունը։ Հայաստանում Գալստյանը համագործակցել է AlmandineGAFRI JEWELLERY և Jewellery Company of Armenia (JCA) ընկերությունների հետ՝ անցնելով կատալոգների ու գովազդային նյութերի ինքնուրույն նկարահանումներից մինչև կոնտենտի ուղղության ղեկավարում և լուսանկարիչների ու դիզայներների թիմերի հետ աշխատանք։

Նրա մասնագիտական գործունեությունը դուրս է եկել նաև Հայաստանի սահմաններից։ Ներկայացված կենսագրական տվյալների համաձայն՝ Գալստյանն իրականացրել է զարդերի նկարահանումներ Van Cleef & Arpels և Graff Diamonds բրենդների համար, իսկ նրա աշխատանքներն արժանացել են մասնագիտական ճանաչման միջազգային մրցույթներում։ 2021 թվականին նա դարձել է The Inspiration Awards մրցանակի հաղթող Commercial Photography անվանակարգում, իսկ 2022 թվականին ստացել է Fashion Summer Awards մրցանակը՝ «Լավագույն զարդերի լուսանկարիչ» անվանակարգում։

2022 թվականին Լիլիթ Գալստյանը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ հիմնել է սեփական GL Studios ընկերությունը։ Ստուդիան մասնագիտացած է զարդերի, նորաձև աքսեսուարների և շքեղության առարկաների լուսանկարչության մեջ՝ համատեղելով կոնցեպտի մշակումից մինչև նկարահանում և հետագա աշխատանք վիզուալ կոնտենտի հետ։

Այս համատեքստում FACET-ը պարզապես առանձին լուսանկարների ցուցադրություն չէ, այլ Գալստյանի՝ զարդերի լուսանկարչության ոլորտում տարիների աշխատանքի արտացոլումը։ Նախագիծը ցույց է տալիս, թե որքան նուրբ կարող է լինել սահմանը կոմերցիոն լուսանկարչության և գեղարվեստական արտահայտման միջև․ պատկերը պետք է միաժամանակ փոխանցի զարդի նյութը, ձևն ու արժեքը և, միևնույն ժամանակ, հույզ առաջացնի։

FACET անվանումը հղում է կատարում թանկարժեք քարի երեսակներին և միաժամանակ՝ նույն առարկան տարբեր տեսանկյուններից ընկալելու հնարավորությանը։ Փոխվում են լույսը, դիտանկյունը, միջավայրը, և դրանց հետ միասին փոխվում է նաև զարդի ընկալումը։ Հենց այս վիզուալ երեսակների ուսումնասիրությունն էլ դառնում է նախագծի հիմնական գաղափարը։

Ցուցահանդեսը կայացավ 2026 թվականի սեպտեմբերի 11-ից 13-ը՝ Viking Smoke House-ում, հասցե՝ Երևան, Վարդանանց 15/3։

հեղինակ՝ Արմեն Գալստյան։