EXCLUSIVE. «Իմ հագուկապը միշտ էլ այդպես է եղել»․ Մարի Պետրոսյանը՝ քննադատությունների, նախկին ամուսնու ու իր արձագանքի մասին

Ամիսներ առաջ դերասանուհի Մարի Պետրոսյանը իսկական շոկի ենթարկեց հանրությանը՝ հայտնելով, որ ամուսնությունից հետո տարիներ շարունակ ընտանեկան բռնության է ենթարկվել։ «Ազիզյաններ» սիթքոմից հայտնի դարձած դերասանուհու պատմությունը միանգամից հայտնվեց քննարկումների կենտրում, շատերը նրան աջակցում էին՝ նշելով, որ նա մենակ չէ ընտանեկան բռնության դեմ իր պայքարում։

Հիմա, երբ Մարին քայլ առ քայլ վերադառնում է իր մասնագիտական գործունեությանը, բազմաթիվ են նրա հասցեին հնչող քննադատություններն ու բացասական մեկնաբանությունները։ StarNews-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է նման խոսակցություններին իր արձագանքի ու բարդ շրջանի մասին, անդրադարձ է կատարել նաև նախկին ամուսնուն։

«Սկզբնական շրջանում շատ էր աջակցությունը, բայց նաև կարող եմ ասել, որ սկզբնական շրջանում էլ եղել են այդ բացասական կարծիքները։ Սկզբնական շրջանում շատ ավելի խոցելի է և ինձ համար ծանր էր այդ բացասականը լսելը»,-նշեց Մարին, ում կարծիքով այդպիսի արձագանքների պատճառը իր՝ մի փոքր համարձակ ոճն է։

«Վերաբերմունքը, կարծում եմ փոխվեց այն ժամանակ, երբ նկատելի դարձան, օրինակ, իմ ավելի բաց հագուստները, չնայած իմ հագուկապը միշտ էլ այդպես է եղել։ Դրանից հետո շատ նամակներ եմ ստացել, որ «ինչպես կարող ես դու այդպես հագնվել, ախր մի քանի ամիս առաջ լացում էիր, ծեծված էիր» և նմանատիպ արտահայտություններ»։

Թեև դերասանուհին խոստովանում է, որ, ի սկզբանե, սրտին մոտ է ընդունել վատ կարծիքները, հիմա արդեն այլ կերպ է ընդունում իրավիճակը։

«Իմ հոգեբանական վիճակի մասին գիտեմ միայն ես և այդ բացասականը հիմա թեթև է ինձ մոտ, որ ասում են, նայում եմ, թե ով է ասում։ Ես կարող եմ նեղանալ կամ կարծիք ընդունել միայն այն մարդուց, ով ինձ հետ հարազատ է, իսկ մյուսների կարծիքը կամ վերաբերմունքը պարզապես նայում եմ, որ կարծիք է, և իրենք կարող են արտահայտել իրենց խոսքը, որը, կոպիտ ասած, ինձ համար մեկ է»։

Մարիից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք այս շրջանում մեկնաբանություններ ստացել է նախկին ամուսնուց կամ նրա շրջապատից։ Մարին ընդգծեց՝ նախկին ամուսնու հետ շփում չունի, դատական գործընթացն էլ դեռ շարունակվում է։