Ի՞նչ պետք է անել երկրաշարժի դեպքում. հաճախ տրվող հարցրի պատասխանները

Ի՞նչ պետք է անել երկրաշարժի դեպքում. հաճախ տրվող հարցրի պատասխանները

ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը ուղեցույց է մշակել, նշելով անհրաժեշտ միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկել երկրաշարժի դեպքում: 

«-Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների եվերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12վրկ․ հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել:

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք.

ա․ եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚
բ․ եթե գտնվում եք 3-րդ և ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ փլվում են աստիճաններն ու սանդղակավանդակները։
գ․ կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚
դ․ պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար‚
ե․ զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել‚
զ․ ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚
է․ շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚
ը․ փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

❓Երկրաշարժը կրկնվո՞ւմ է: Հաճախակի կրկնվող երկրաշարժերը լավ են, թե՞ վատ:
‼️Երկրաշարժերն ունեն կրկնվելու հատկություն: Թույլ ցնցումները տեղի են ունենում հաճախակի: Ոչ ուժեղ երկրաշարժերը երբեմն նպաստում են էներգիայի պարպմանը:

❓Կա՞ արդյոք ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժերի տեղի ունենալու պարբերականություն:
‼️Չկա: Ուժեղ երկրաշարժերի պարբերականության մասին կարելի է խոսել միայն սեյսմաակտիվ մեծ տարածաշրջանների համար: Փոքր տարածքների համար, ինչպիսին Հայաստանն է, այս հարցի դրվածքը կոռեկտ չէ:

❓Հնարավո՞ր է արդյոք կանխատեսել ուժեղ երկրաշարժը.
‼️Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են:

❓Ի՞նչ առավելագույն ուժի երկրաշարժ կարող է տեղի ունենալ ՀՀ տարածքում.
‼️Ըստ մասնագիտական գնահատումների՝ ՀՀ-ում հնարավոր երկրաշարժի առավելագույն մագնիտուդն ըստ Ռիխտերի սանդղակի կարող է հասնել միչև 7,5 միավորի, կամ 10 բալի: Այս ուժի երկրաշարժերը շատ քիչ են, և դրանք կարող են տեղի ունենալ միայն տարածաշրջանային ակտիվ բեկվածքների որոշ գոտիներում:

❓Կենդանական աշխարհի ներկայացուցիչները զգու՞մ են մոտալուտ երկրաշարժը.
‼️Կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ զգում են մոտալուտ երկրաշարժը, հատկապես կատուները, ձկները, շները, առնետները, օձերը և այլն:

Մեկնաբանություններ