Մորս կյանքը հազիվ ենք փրկել. Անելյա Գուբրյանը՝ կորոնավիրուսից հետո իր ու մայրիկի մոտ մնացած հետևանքների և հոգեբանական բարդ փուլի մասին

Մորս կյանքը հազիվ ենք փրկել. Անելյա Գուբրյանը՝ կորոնավիրուսից հետո իր ու մայրիկի մոտ մնացած հետևանքների և հոգեբանական բարդ փուլի մասին

Ամիսներ առաջ կորոնավիրուսը չի շրջանցել դերասանուհի Անելյա Գուբրյանին և նրա ընտանիքին: Անելյայի խոսքով՝ հետևանքները մինչև օրս մնացել են: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է մինչև հիմա համի և հոտի զգացողության մասնակի կորուստ ունենալու, մայրիկին հազիվ փրկելու, հոգեբանական բարդ իրավիճակից միայն վերջերս դուրս գալու, աշխատանքի և երկու բիզնես ունենալու մասին:

Դերասանուհու խոսքով՝ կորոնավիրուսով վարակվել է դեռևս նոյեմբերին: «Համի և հոտի կորուստ ունեի, որն այսօր էլ կա, իմ սիրելի ուտեստներն այլ համերով եմ զգում: Օրինակ՝ ցիտրուսային մրգեր չեմ կարողանում ուտել, վատ համ եմ զգում, վարունգից և լոլիկից ձկան համ եմ զգում, սուրճից՝ փոշու: Երբ այդ մասին կիսվեցի հետևորդներիս հետ, հասկացա, որ շատերն ունեն այդ խնդիրը: Նույնիսկ իրար խորհուրդներ ենք տվել, փոխանակվել փորձով: Այս հարցով բժշկի եմ դիմել, որն ասաց՝ անհատական է, բժշկությունն այդ հարցում չի կարող օգնել, պետք է ուղղակի սպասել, ժամանակի ընթացքում ամեն ինչ կվերականգնվի: Հետաքրքիրն այն է, որ ես հիվանդությունը թեթև եմ տարել, ջերմություն չեմ ունեցել, միայն էներգիայի կորուստ ունեի, ընդհանուր թուլություն, օրվա 24 ժամից 22-ը քնած էի»,- պատմել է նա:

Ըստ Անելյայի՝ միշտ վախեցել է վարակվելուց, որովհետև կարող էր վարակել իր ընտանիքի տարեց անդամներին: «Ես երիտասարդ եմ, առողջական լուրջ խնդիր չունեմ, ինձ համար այնքան էլ չէի մտածում: Հետաքրքիրն այն է, որ, ի վերջո, ընտանիքիս անդամներն ինձ վարակեցին: Մայրս հիվանդությունը շատ ծանր տարավ, նրան հազիվ ենք փրկել: Հիվանդանոցներում տեղ չկար, այդ պատճառով մայրս տանն էր պառկած, բերել էինք բոլոր սարքերը, այդ թվում՝ արհեստական շնչառության: Ախտահարված էին նրա թոքերի 70 %-ը, մարդիկ 40 %-ի դեպքում մահանում են, բայց մայրս բուժվեց: Իհարկե, հետևանքներ մնացին, երկարատև բուժման կուրս անցավ,- ասաց նա ու հավելեց, որ իր համար հոգեբանորեն շատ ծանր շրջան էր, որը վերջերս է հաղթահարել: –Այդ հարցում ինձ օգնեցին աշխատանքս, զբաղվածությունս, մտերիմ ընկերներս»։

Դերասանուհին նշել է, որ փորձում է նույնիսկ մեկ վայրկյան առանց աշխատանքի չմնալ: «Զբաղված եմ «Սիրո թևեր» նախագծում, մայրիկիս հետ համատեղ երկու բիզնես, նոր մտահղացում ունեմ, որը շուտով կիրականանա: Բնույթով այնպիսի մարդ եմ, որ երբ ինչ-որ աշխատանք եմ անում, կամ պետք է լավ անեմ, կամ չանեմ: Եթե հասկանամ, որ մեկը մյուսի հաշվին է, չեմ անի: Հիմա հասցնում եմ հավասարաչափ բաշխել էներգիաս ու ժամանակս: Ես միանգամից մի քանի աշխատանքով եմ զբաղված, որովհետև մանկուց հասկացել եմ՝ կապ չունի ապահովա՞ծ ընտանիքից ես, թե՞ ոչ, ինքդ քո գլխի տերը պետք է լինես: Լինելով ընտանիքիս ավագ զավակը՝ ավելի ինքնուրույն եմ, միշտ փորձում եմ նպատակներս կատարելագործել»,- ընդգծել է Անելյան:

Նա պատմել է, որ մայրիկի հետ համատեղ երկու բիզնես ունի, նրա շնորհիվ փորձի պակաս չի զգում: «Չեմ ուզում իմ առանձին բիզնեսն ունենալ, որովհետև նկարահանումների պատճառով լիովին գործին տրվել հաճախ չեմ կարողանում: Պատահում է, որ նկարահանումների եմ լինում, մայրս է զբաղվում գործերով, լինում է նաև հակառակը՝ նա է զբաղված լինում: Բարդ է ունենալ հավատարիմ մարդ, որը քեզ հավասար կնվիրվի գործին: Իհարկե, լինում են նաև տարակարծություններ: Որքան նման ենք իրար, այնքան էլ տարբեր: Այդ ամենը գործին ևս վերաբերում է, բայց երկուսս էլ գրագետ ենք մոտենում աշխատանքին, կարող ենք զիջել իրար: Սերունդների բախում չենք ունենում, որովհետև մայրս բավականին երիտասարդ է, մեր տարիքային տարբերությունն ընդամենը 20 տարի է»,- ասել է նա


 

Մեկնաբանություններ