Սպառնում են ինձ, որակում ՝ մարդասպան, դագաղն են պառկեցնում, մուրազս փորս թողնում. Մարինա Գրեգը՝ իր մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի մասին

Սպառնում են ինձ, որակում ՝ մարդասպան, դագաղն են պառկեցնում, մուրազս փորս թողնում. Մարինա Գրեգը՝  իր մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի մասին

 

Հաղորդավարուհի Մարինա Գրեգը անդրադարձել է տարիներ առաջ իր մեքենայով տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարին: Հաղորդավարուհին թեմային անդրադարձել է, քանի որ օրերս ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մահացել է:

«Ինձ մեղադրում են, որ ես ապրում եմ:

Սիմոն Մարտիրոսյանի դեպքը հատեց իմ համբերությունը: Տղային մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, որով տարիներ առաջ ինձ մեղադրեցին: Մինչև այսօր ինձ գրում են սպառնացող նամակներ, որակում ՝ մարդասպան, ինձ դագաղն են պառկեցնում, մուրազս փորս թողնում ու անիծում: Ինձ մեղադրում են, որ ես ապրում եմ:


Կարդում եմ Սիմոնի հասցեին գրված «փորձագետների» կարծիքները: Էդ ամպագոռգոռ մեղադրական մեկնաբանություններ գրողներին հարց եմ տալիս՝ դուք ապահովագրվա՞ծ եք այսպիսի դժբախտությունից: Դուք գիտե՞ք ՝ ինչ է զգում վարորդը էդ պահին և իր հետագա կյանքում, դուք վստա՞հ եք, որ ձեզ հետ նման բան չի պատահի: Ե՛վ հետիոտնը , և՛ վարորդը հավասարապես երթևեկության մասնակից են, երկուսն էլ հավասարապես պետք է ուշադիր լինեն և ենթարկվեն կանոններին՝ հավասարապես:


Հասկացեք վերջապես, որ եթե վրաերթ է լինում, միշտ չէ, որ վարորդը խմած էր, սթափ չէր, զգույշ չէր… մի ալարեք 2 մետր վերևից թույլատրված հատվածով անցնել փողոցը, խնայեք ձեր կյանքը, պատասխանատու եղեք ձեր և դիմացինի կյանքի համար:


ՆԱԵՒ ինձ շատ բարկացնում է դեպքը լուսաբանող իմ գործընկերների աշխատելաոճը. դեպքը դեպք է, եղածը՝ եղած. ի՞նչ կապ ունի, թե ով է մեքենայի ղեկին եղել, ինչու՞ եք գրում վարորդի անունը և հանրայնացնում նրա ով լինելը: Ի՞նչ պարտադիր է, որ բոլորն իմանան, որ հայտնի «Պողոսն» է վարորդը եղել: Սա դիտումներ հավաքելու ամենահարմար առիթը չէ. հարգեք դիմացինին: Ցավակցում եմ մահացածի բոլոր հարազատներին, անդառնալի կորուստ է, ցավը՝ անասելի:


Սիմոնին  համբերություն եմ մաղթում, հուսով եմ՝ օրենքի բացը կլրացվի, և մեր երկրում համապատասխան կառույցները կկարողանան դեպքերի առիթով իրական փորձաքննություն նշանակել և վարորդի անմեղ լինելու դեպքում նրան արդարացնել և ուղղակի, ըստ օրենքի, մեղադրանք չառաջադրել:

Հիշեցնենք, որ Արշակունյաց պողոտայում ապրիլի 12-ին, ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին վրաերթի ենթարկած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է աշխարհի և Եվրոպային չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:


 

Մեկնաբանություններ