«Սկեսուրս ուզում էր՝ թեկուզ ձևական իրենց աղոթքներն ասեի, ես դեմ էի». Սիլվի Բարկովան՝ սկեսուրի հետ բարդությունների, նրա մահվան, ամուսնու հետ հարաբերությունների և ամեն օր միմյանց սեր խոստովանելու մասին (լուսանկար, տեսանյութ)

  • Jun 16, 2021

 

Դերասանուհի Սիլվա Բարկովան մոտ 3 տարի է, ինչ ամուսնացած է ազգությամբ հնդիկի հետ և ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում:

Tert.am Life-ի հետ զրույցում Սիլվին խոսել է ընտանեկան կյանքի, սկեսուրի մահվան, խնդիրների լուծման իրենց բանաձևի և միմյանց ամեն օր սեր խոստովանելու մասին:

Սիլվիի խոսքով՝ ամուսնության սկզբում բարդություններ են եղել, որոնք հաղթահարելի էին: «Այդ բարդությունները կարող են լինել ցանկացած զույգի մոտ: Սկզբում փորձում ես հասկանալ դիմացինիդ բնավորությունը, ինչ-որ տեղում զիջում ես նրան, հետո նա է քեզ զիջում: Կարծրատիպ կա, որ եթե ամուսինն այլազգի է, պետք է ավելի շատ բարդություններ լինեն, բայց սխալ է: Գուցե մի քանիսն իրենց փորձից են խոսել ու տարածվել է: Նույն լեզուն, կրոնն ունեցող, նույնիսկ հարևանությամբ ապրող մարդիկ կարող են ամուսնանալ և խնդիրների բախվել: Այս հարցն ավելի շատ կապված է մարդկային բնավորությունների համընկնման հետ»,- ասել է նա:

Ըստ դերասանուհու՝ իր դեպքում փոքր խնդիրներ են եղել սկեսուրի հետ կապված: «Սկեսուրս ուզում էր, որ, թեկուզ ձևական, բայց իրենց աղոթքներն ասեի: Ես բացատրում էի, որ եթե աղոթքը պետք է ձևական լինի, ավելի լավ է՝ չլինի: Ամուսինս ևս չի հետևում իրենց կրոնական սովորույթներին, սկեսուրս ասում էր՝ այդպես իրենց մշակույթը կկորչի: Ժամանակի հետ հաշտվեց այդ մտքի հետ: Ամուսինս այս առումով ավելի շատ հայ է, քան հնդիկ, կարող եմ նրա հետ Աստծո մասին խոսել, հավատում է, որ Աստված կա»,- պատմել է նա:

Դերասանուհին նկատել է, որ ինչպես բոլոր զույգերի, այնպես էլ իրենց մոտ խնդիրներ լինում են: «Դրանք լուծում ենք միմյանց գրկելով, հասկանում ենք՝ իրարից հեռու չենք կարող: Գիտենք, որ ցանկացած խնդրի լուծում պետք է միասին տանք: Երկար նեղացած չենք մնում, որովհետև գիտակցում ենք՝ մի ամբողջ կյանք միասին ենք ապրելու: Կռվելու և հաշտվելու առաջին քայլերն անում է ամուսինս, ես էլ հեշտ հաշտվում եմ: Վեճերը կապված են եղել, հիմնականում, նրա խանդի հետ, հիմա ավելի քիչ են: Կարող էր խանդել և՛ աշխատանքիս, և՛ ինչ-որ տեղ գնանք, ինձ նայեն»,- նշել է Սիլվին:

Սիլվիի և ամուսնու ընտանիքում երկու ամիս առաջ կորուստ է եղել՝ կորոնավիրուսի հետևանքով մահացել է նրա սկեսուրը: «Նրա մահը շատ ծանր տարանք, ծնող, կին կորցնելը շատ բարդ է, ամուսնուս ծնողներն ամուսնացած էին ավելի քան 40 տարի: Փորձում ենք կամաց-կամաց դուրս գալ այդ բարդ շրջանից,-ասաց նա և հավելեց, որ ամբողջ ընտանիքով վարակվել էին, հիվանդությունն ամենածանրը սկեսուրի մոտ է եղել,- Բոլորով տանն էինք բուժվում, բայց սկեսուրիս վիճակը վատացավ, հիվանդանոցներում տեղ չկար, դժվարությամբ կարողացանք մեկ տեղ գտնել նրա համար: Այդ շրջանում միասին էինք ապրում, առհասարակ, միշտ էլ միասին ենք ապրել, ուղղակի մի շրջան կար, երբ սկեսուրս ու սկեսրայրս գնացել էին այլ քաղաք, սկսվել էր կորոնավիրուսը և չէին կարողացել հետ գալ»:

Մեկնաբանություն

Որոնում