Ադրբեջանը 30 000 արցախցի տղամարդու ցուցակ է կազմել. Աղդամում կառուցած բերդը կատակ չէր, հենց արցախցիների համար է

  • Sep 20, 2023

Ադրբեջանի իշխանությունները ցուցակ են ներկայացրել Արցախի իշխանություններին՝ պահանջելով իրենց հանձնել այնտեղ նշված անձանց, ցուցակում Արցախի պետական գործիչներ են, զինվորականներ, գրել է «Հրապարակ»-ը։

ՀՀ Զու հատուկ ջոկատայիններից մեկը լրատվամիջոցին տեղեկացրել է, որ իրենք տեղյակ են, թե ինչ ցուցակ է կազմել Ադրբեջանը։ «18-ից մինչև 75 տարեկան տղամարդկանց անուններ են ներառված՝ շուրջ 30 000 արցախցի տղամարդու անուն կա այդ ցուցակում։ Ադրբեջանը Արցախի բնակիչների բոլոր տղամարդկանց որպես ահաբեկիչ է ներկայացրել ու այդ ցուցակի մեջ գրել։ Մնում է հասկանալ, թե բնակիչների մասին ամբողջ տեղեկատվությունը ո՞նց է ադրբեջանցիներին հասել․ հասկանում եք, չէ՞, ինչ նկատի ունեմ»,-ասել է «Հրապարակ»-ի զրուցակիցը։

Նա նշել է, որ այդ ցուցակի առկայության մասին տեղյակ են նաև Արցախում, այդ իսկ պատճառով թշնամու հարձակմանը դիմակայած ու ողջ մնացած ՊԲ զինծառայողները, ովքեր կենտրոնացել են Արցախում, որոշել են պայքարել մինչև վերջ։

«Ալիևի՝ Աղդամում կառուցած բերդի մասին, որ ասում էին՝ արցախցիների համար են սարքում, կատակ չէր, ոչ էլ ֆանտազիա։ Ձեր կարծիքով՝ այդ հսկայական շինությունը կառուցում էին, որ Բաքվից դատապարտյալների բերե՞ն։ Իհարկե, ոչ՝ դա նախատեսված է արցախցիների համար։ Այսպես ասած՝ լեգիտիմացված ցեղասպանություն։ Իսկ թե ինչ վիճակում են հայտնվում հայերը թուրքական բերդում կամ ադրբեջանցիների մոտ գերևարման դեպքում․․․ գերադասում են պատվով զոհվել, քան թե գերի հանձնվել թշնամուն»,- եզրափակել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Մեկնաբանություն

Որոնում