Բեռնատարները ՆԳՆ-ի պահեստներում են, ստուգումներից հետո դուրս կգան մարզեր. ՆԳՆ գլխավոր քարտուղար

  • Oct 17, 2023

Դերասանուհի Անաիս Սարդարյանը, որն այս օրերին կամավոր օգնում է Արցախից բռնի տեղահանվածներին, հայտարարություն է տարածել առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունից հայ բարերարների ուղարկած բեռները ՀՀ ներքին գործերի նախարարության աշխատակիցը թույլ չի տալիս, որ Հրազդանից մտնի Երեւան։

ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ բեռնատարները տեղափոխվել են ՆԳՆ պահեստ՝ դրանց պարունակությունը ստուգելու համար։

«Նախարարությունն է կանոնակարգում Հայաստան եկած օգնությունների ընդունումն ու բաշխումը, բայց այդ հրապարակումը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ 2 բեռնատար այսօր է հասել պահեստ, կարճ ժամանակահատվածում իրականացնելու ենք բաշխումը»,-նշեց Ֆիդանյանը։

Ըստ նրա՝ բեռները պարտադիր ստուգվում են՝ պարզելու համար՝ դրանց պարունակությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։

«Արցախցիներին ուղարկված բեռների համար մաքսատուրք չի վճարվում, բեռնափոխադրումը իրականացվում է հատուկ ընթացակարգով։ Մենք պարտադիր ստուգում ենք իրականացնում, որպեսզի այդ բեռների անվան տակ Հայաստան չմտնեն այլ ապրանքներ։ Այս բեռները եկել են ՆԳՆ-ի անունով, հետեւաբար տեղափոխել ենք մեր պահեստներ՝ հաշվառում իրականացնելու համար»,-ասաց Ֆիդանյանը։

ՆԳՆ-ն բեռների ստուգում իրականացնելուց հետո տեղեկացնում է ՏԿԵ եւ Սոցապ նախարարություններին, վերցնում են հասցեներն ու ուղարկում մարզեր։ Ֆիդանյանը նաեւ նշեց, որ Անաիս Սարդարյանի մատնանշած բեռների ինվոյսում նշված է Ներքին գործերի նախարարության անունը։

Մեկնաբանություն

Որոնում