Հաճախորդների բարձրակարգ սպասարկումն ու նրանց հանդեպ պատշաճ վերաբերմունքը յուրաքանչյուր կազմակերպության վարկանիշի ու իմիջի կարևորագույն մասն են, ինչի շնորհիվ որոշվում է, թե տվյալ ընկերությունը ինչ տեղ կզբաղեցնի ոլորտում ու ինչ համբավ կունենա։
Ինչքան էլ որ այժմ կարևոր է սոցիալական հարթակների դերը բիզնեսի զարգացման գործում, պետք չէ դառնալ դրանց գերին ու կտրվել իրականությունից։ Խոսենք հստակ օրինակով։ Ոլորտում բավականին հայտնի «Ibolit» ընկերությունը, որը զբաղվում է հեռախոսների ու աքսեսուարների վաճառքով ու վերանորոգմամբ, ընկնելով ինստագրամում ու տիկտոկում «մասսա հավաքող», «բարետես» աշխատակցի հետևից փորձել է բարձրակարգ ընկերության իմիտացիա ստեղծել՝ մոռանալով ուշադրություն դարձնել սեփական աշխատակիցների վարքագծին, ինտելեկտին ու էթիկայի հասարակ կանոնների պահպանմանը, էլ չենք խոսում պրոֆեսիոնալիզմի մասին։ Համացանցում է հայտնվել մի սկանդալային տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են խանութի աշխատակիցները հայհոյանքներով ու վիրավորական արտահայտություններով խոսում իրենց մշտական հաճախորդներից մեկի հասցեին, ոչ պրոֆեսիոնալ ձևով իրականացնում վերջինիս հեռախոսի վերանորոգումը, ավելին՝ փչացնում են այն։ Բայց սա դեռ այս պատմության ամենախայտառակ մասը չէ։ Հաճախորդի դիտարկմանը ի պատասխան՝ ոչ ավել, ոչ պակաս, ընկերության տնօրինությունը փորձել է անիմաստ արդարացումներ գտնել իր աշխատակիցների համար, ապա հավելել, որ տեսանյութը հանրային դառնալու դեպքում՝ շուտ կմոռացվի ու քննադատությունների ալիքը կուղղվի հաճախորդի նկատմամբ։ Նման տնօրինությունից այլ աշխատակիցներ ակնկալել, կարծում ենք, իմաստ էլ չունի։
Այնուամենայնիվ, տեսանյութը հայտնվել է համացանցում ու մեծ աղմուկի պատճառ դարձել։ Շատերը հորդորում էին դատի տալ ընկերությանը, բողոքարկել նրանց բոլոր էջերը ու դադարել օգտվել նրանց ծառայություններից։ Ի՞նչ վստահություն կարող է ունենալ մեզնից ցանկացածը, որ տվյալ խանութում իր հետևից էլ չեն հնչի նման արտահայտություններ՝ նման մեղմ ասած, ոչ պրեֆոսիոնալ մասնագետների կողմից։
Իսկ ի՞նչ է արել «Ibolit»-ը այս ամենից հետո. փակել է իր էջերի մեկնաբանությունների հատվածը՝ փորձելով խուսափել հանրության բողոքներից. Նախընտրել են թաքնվել…
Լրագրող Արուս Տիգրանյանը ևս տարածել էր տեսանյութը՝ նշելով, որ շոկի մեջ է հայտնվել։
Իրականում, այս տեսանյութի միջոցով ևս մեկ անգամ կոտրվեց այն «կարծրատիպը», որ «անուն հանած» ընկերությունները այդ անունին համապատասխան սպասարկում ունեն։ «Ibolit»-ի տնօրինությունը կարող էր փրկել իրավիճակը՝ հաճախորդից ներողություն խնդրելով կամ փոխհատուցմամբ, որևէ սիմվոլիկ ձևով։ Բայց նրանք նախընտրեցին թաքնվել ու ջայլամի քաղաքականություն վարել, վերջնականապես հողին հավասարեցնելով ընկերության երբեմնի համբավը…