Միայն մեկ երեկո․ «Բարեկամություն» պետական անսամբլը մեծ մենահամերգով կվերադառնա Օպերայի բեմ

Ժողովրդական երաժշտության և պարային ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ «Բարեկամություն» պետական անսամբլի մենահամերգը հունիսի 30-ին, ժամը 19:00 ին, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Բարեկամություն» պետական անսամբլը հիմնադրվել է 1987 թվականի դեկտեմբերի 17-ին՝ անվանի բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ։ Ստեղծման առաջին իսկ օրերից այն առանձնացել է իր բազմաժանր և բարձրարվեստ պարացանկով՝ հանդիսատեսին ներկայացնելով տարբեր ժողովուրդների մշակույթն ու ազգային պարարվեստի լավագույն ավանդույթները։

Անսամբլը նշանակալի դեր է ունեցել հայկական ազգային պարի զարգացման և հանրահռչակման գործում՝ այն ներկայացնելով դասական խորեոգրաֆիայի բարձր չափանիշներին համապատասխան։ Նորայր Մեհրաբյանի ինքնատիպ բեմադրությունները նոր էջ են բացել հայկական ժամանակակից պարարվեստում՝ ձևավորելով ուրույն գեղարվեստական ձեռագիր և ստեղծագործական հարուստ ավանդույթներ։

Անսամբլի խաղացանկը ներառում է պարային ստեղծագործություններ, որոնք բեմադրված են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, ինչպես նաև Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ալեքսանդր Բորոդինի, Կառլ Օրֆի և համաշխարհային երաժշտարվեստի այլ նշանավոր ներկայացուցիչների ստեղծագործությունների հիման վրա։

2024 թվականին անսամբլի ղեկավար և գլխավոր բալետմայստեր է նշանակվել Զոհրաբ Բակալյանը, որի ղեկավարությամբ «Բարեկամություն» պետական անսամբլը շարունակում է հավատարիմ մնալ իր հարուստ ստեղծագործական ավանդույթներին՝ միաժամանակ նոր շունչ հաղորդելով հայկական պարարվեստին և այն ներկայացնելով ժամանակակից գեղարվեստական մտածողությանը համահունչ ձևաչափերով։

Բալետմայստեր Զոհրաբ Բակալյանի համոզմամբ՝ անսամբլի ներկայիս արտիստները բարձր պատասխանատվությամբ և անսահման նվիրումով են ծառայում իրենց առաքելությանը՝ չխնայելով ո՛չ ջանք, ո՛չ եռանդ՝ ստեղծագործական և մասնագիտական կատարելության հասնելու ճանապարհին։ Նրանց մշտական ձգտումն է լինել լավագույնների շարքում, շարունակաբար կատարելագործել իրենց վարպետությունը և արժանապատվորեն ներկայացնել հայկական ազգային պարարվեստը՝ «Բարեկամություն» պետական անսամբլի անունը հնչեցնելով Հայաստանի և միջազգային հեղինակավոր բեմահարթակներում՝ ի փառս հայ մշակույթի, ազգային արվեստի պահպանման և զարգացման։