«Արտոյի երկիրը» հաղթանակների ալիքի վրա․ ո՞վ ստացավ լավագույն դերասանուհու մրցանակը

Երկու օր առաջ կայացած «Անահիտ» մրցանակաբաշխությունը շարունակում է մնալ ակտիվ քննարկումների կենտրոնում։ Արդեն հայտնի է, որ չորս անվանակարգերում հաղթանակ է տարել ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը։
Բացառություն չէր նաև «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգը, որտեղ մրցանակը հանձնվեց ֆիլմի գլխավոր դերակատարին՝ ֆրանսիացի դերասանուհի Կամիլ Կոտենին։
Մրցանակը բեմում հանձնեց շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, ով իր խոսքում ընդգծեց դերասանուհու մասնագիտության բարդությունն ու նրբությունը․
«Կինոարվեստում կա մի մասնագիտություն, որը մարդուն թույլ է տալիս մեկ օրվա ընթացքում ապրել մի ամբողջ կյանք… Դա դերասանուհի լինելու ծանր և շատ նուրբ արվեստն է»։
Կամիլ Կոտեն ներկա չէր մրցանակաբաշխությանը, քանի որ գտնվում է արտերկրում՝ նկարահանումների։ Նրա շնորհակալական նամակը ընթերցեց Թամարա Ստեփանյանը։
«Շատ ուրախ եմ մրցանակի համար։ Շատ հաճելի էր, որ Թամարան առաջարկեց նկարահանվել իր ֆիլմում։ Նա անչափ սիրում է իր երկիրը՝ Հայաստանը, և այս ֆիլմը կարծես սիրո խոստովանություն լինի իր հայրենիքին։ Ինձ համար մեծ պատիվ էր մարմնավորել Սելինին և բացահայտել ձեր գեղեցիկ երկիրը»,-ասված էր նամակում։
«Արտոյի երկիրը» ֆիլմը շարունակում է գրավել թե՛ մասնագիտական, թե՛ հանրային ուշադրությունը՝ դառնալով մրցանակաբաշխության գլխավոր հաղթողներից մեկը։


















