«Շատ ճնշող բաների միջով եմ անցել». Հասմիկ Կարապետյանը՝ Հայկոյի հետ համատեղ կյանքի մասին

  • Jul 31, 2023

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգչուհի Հասմիկ Կարապետյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր անձնականին և ընտանիքին վերաբերող մի շարք հարցերի մասին։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։

Հասմիկ Կարապետյանը կյանքի ինչ-որ մի փուլում ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում։ Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև այդ ժամանակահատվածին և երգչուհին խոստովանել էր, որ իր կյանքի այդ հատվածը բավականին հուզիչ է.
«Իրականում իմ կյանքի այդ հատվածը շատ հուզիչ հատված է, շատ վառ է, միաժամանակ շատ բացասական և շատ ինձ մեծացրին այդ 2 տարիները, երբ ես բնակվում էի Միացյալ Նահանգներում, քանի որ առանց իմ ընտանիքի ես դեռ ոչ մի տեղ չէի գնացել և ինքնուրույն դառնալու առաջին փորձերն էին այդ ժամանակ։ Լավ տարիներ էին, որովհետև ես ինքս ինձ ճանաչեցի, քան ճանաչում էի, ավելի ինքնուրույն դարձա։ Ես հասկացա, որ կարող եմ գնալ ԱՄՆ և անգլերենի իմացությունն այնքան էր, որ իմ ուժերով ընդունվեցի քոլեջ, այնտեղ հասցրել եմ բժշկուհի աշխատել և կարևորն այն է, որ առաջին ձայնասկավառակս ստեղծվեց Միացյալ Նահանգներում»։
Թեմայի մասին խոսելիս Հասմիկը նաև նշել էր, որ այդ տարիներին ինքը և այդ ժամանակ իր նշանածը՝ երջանկահիշատակ երգիչ Հայկոն, բնակվել են իր մորաքրոջ տանը։

Մհերը իր խոսքում նշել էր, որ գիտի, թե որքան ճնշող տարիներ են եղել այդ 2 տարիները Հասմիկի համար՝ ասելով, որ երգչուհին այդ շրջանում նաև հոգեբանական բռնության է ենթարկվել։ Հասմիկն էլ, հարցին անդրադառնալով, պատասխանել էր.
«Ավելի դժվար էին ոչ թե այդ 2 տարիները, այլ այն, ինչ կատարվեց հետո։ Ես երբեք բարդույթներ չեմ ունեցել, բայց այդ 2 տարվա ընթացքում այնքան բարդույթներ ձեռք բերեցի, որ հետ եկա և ինձ համար շատ դժվար դարձավ։ Ես ինքս ինձ էի կորցրել, իմ ես-ը։ Ամենադժվարը դա էր։ Թե չէ բոլորն էլ իրենց կյանքում ունենում են սեր, որը որ լավ չի ավարտվում։ Ես տարիների ընթացքում հասկացա, թե որքան լավ է, որ դու ունենում ես այդ փորձը և ես իրականում շնորհակալ եմ այդ տարիներին։ Եթե այդ տարիները չլինեին, ես չէի զարգանա, առաջ չէի գնա, ինքս իմ մեջ ուժ չէի գտնի ինքնուրույն մարդ դառնալու և, ի վերջո, կայանալու իբրև արվեստի մարդ։ Ես ինձ կորցրի, որպեսզի ես ինձ գտնեմ։ Շատ ճնշող բաների միջով եմ անցել, եթե ընտանիքս կողքիս չլիներ, շատ վատ կլիներ»,- նշել էր երգչուհին։

 

Մեկնաբանություն

Որոնում