«Շատ ծանր եմ տարել»․ Ալեն Սիմոնյանը՝ Հայկոյի և Արա Մարտիրոսյանի մահվան մասին

«Tete A Tete» հաղորդման նոր թողարկման հյուրն էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Զրույցի ընթացքում նա խոսել է բազմաթիվ թեմաների շուրջ՝ ընտանիքի, նոր հարաբերությունների, նշանադրության, հոր հետ հարաբերությունների, հոր մահվան, ինչպես նաև շոուբիզնեսի իր ընկերների մասին։ Զրույցին հետևել է StarNews-ը՝ առանձնացնելով նաև այն հատվածը, որում Ալեն Սիմոնյանը խոսում էր իր համար ծանր կորուստների մասին։
Հաղորդման ընթացքում նրան հարց է տրվել, թե արդյոք երբևէ ունեցել է այնպիսի զգացողություն, որ կյանքից հեռացած ընկերներին գուցե ավելի շատ ժամանակ պետք էր հատկացնել։
«Դե հա, միշտ էլ լինում է, որովհետև երբ որ ընկերդ հեռանում է, դու ասում ես՝ բա ինչի մի անգամ ավել չշփվեցի»,- նշել է նա։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իր համար հատկապես ծանր են եղել երեք մարդու մահեր, որոնց թվում են երգիչներ Հայկոն ու Արա Մարտիրոսյանը։
Խոսելով Հայկոյի մասին՝ նա նշել է, որ նրա մահը շատ ծանր է տարել։
«Հայկոն, որի մահը անհավանական ծանր եմ տարել… ես չէի մտածում, որ այդպես ծանր կտանեմ, որովհետև էլի էդ անարդարության բանը կա․ իր նկատմամբ դա արդար չէր, ես շատ ծանր եմ տարել»,- ասել է Սիմոնյանը։
Նա անդրադարձել է նաև Արա Մարտիրոսյանի մահվանը՝ նշելով, որ երգիչը ընդամենը մի քանի օր առաջ էր եղել իրենց տանը։
«Մյուսը Արոն էր՝ Մարտիրոսյանը, որ ընդամենը դրանից մի քանի օր առաջ այստեղ էր, մեր տանն էր։ Թեպետ մենք գիտեինք, որ ինքը առողջական խնդիր ունի, բոլորը գիտեին նրա սրտի հետ կապված խնդիրների մասին, բայց մեկ է՝ շատ ծանր ես ընդունում, որովհետև այդ մարդկանց հետ քեզ էմոցիաներ են կապում, անցած ճանապարհ։ Նրանք իրենց էմոցիան են տալիս երգով, իրենց արվեստով»,- ասել է նա։


















