Զnհված քաղաքապետի վերջին գրառումը

  • Sep 20, 2023

Երեկ Մարտունու ինքնապաշտպանության ժամանակ զոհվեց քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։

Ներկայացնում ենք մեկ ամիս առաջ արված նրա վերջին գրառումը.

«Այսօր մեր հերոս քաղաքի օրն է: Դժվար ժամանակներում ենք դիմավորում մեզ համար շատ կարևոր բոլոր օրերը՝ այդ թվում՝ Մարտունու վերածննդի օրը: Այսպիսի ու ավելի ծանր օրեր շատ ենք ունեցել, բայց հենց այս օրը, որը հիմք է ընդունվել քաղաքի օր նշելու համար, մեծագույն ապացույցն է, որ կյանքը և իրադարձություններն անկանխատեսելի են, երբեք վստահ չենք կարող ասել, թե ինչ կլինի վաղը: Սա ասում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը պարզ ընկալի մի փաստ. մարտունեցին իրավունք չունի վհատվելու, մարտունեցին պարտավոր է միշտ ամուր և դիմացկուն, ուժեղ լինել: Այս օրը մեզ համոզում է՝ յուրաքանչյուր իրավիճակից կա ելք, եթե ունենք կամք ու վճռականություն, եթե կարողանում ենք պայքարել ու գիտենք ինչի համար է, գիտենք՝ արդարացված է այդ պայքարը: Իսկ այն իմ խորին համոզմամբ այդպիսին է:
Դժվար է այս ծանր օրերին շնորհավորանքի խոսք ասել, բայց ես ասում եմ ու հպարտ եմ ասում՝ շնորհավոր տոնդ՝ իմ չքնաղ Մարտունի, շնորհավոր տոնդ՝ իմ հերոսածին ժողովուրդ: Ինչ էլ լինի՝ մեր անցյալի հերոսական էջերը մեզ այդ իրավունքը տալիս են:
Իմ խոնարհումն եմ բերում հայրենիքի պաշտպանության ու այս օրը գրանցելու ճանապարհին նահատակված մեր բոլոր հայրենակիցների հիշատակի առաջ: Նրանց և հրաշքով կենդանի մնացած մեր տղաներին ասում եմ՝ շնորհակալ ենք, որ մեզ քաղաք ու հայրենիք նվիրեցիք: Ամեն մարտունեցի պարտավոր է խորությամբ գիտակցել, թե այս օրվա համար, որ մենք ունենք կանգուն քաղաք, որտեղ ապրում ենք, շարունակում ենք մեր պատմությունը, ինչ գին է վճարվել ու երախտագիտություն հայտնի նրա ստեղծողին:
Հավերժ կանգուն մնաս, իմ Մարտունի, հավետ մնաս քո զավակների ապագայի հանդեպ վստահության երաշխիք»:

Մեկնաբանություն

Որոնում