«Միշտ ձեռքս բռնիր, որ ապրեմ». Զառա Արամյանի և Արտաշես Գասպարյանի սիրո խորհրդավոր պատմությունը։

«Խոստովանություն» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված էր սիրված հաղորդավարուհի, երջանկահիշատակ Զառա Արամյանի հիշատակին։ Հաղորդավար Արայիկ Համբարձումյանի տաղավարում հյուրընկալվել էին Զառայի ամուսինը՝ Արտաշես Գասպարյանը, և դուստրը՝ Էլեն Գասպարյանը։
Արտաշես Գասպարյանը հուզմունքով նշեց, որ Զառան իր համար ամեն ինչ էր.
«Զառան ինձ ասում էր՝ դու իմ կեսն ես, ես էլ ասում էի՝ դու իմ 99%-ն ես»։
Ամուսնու խոսքով՝ իրենք ունեցել են նույն մտածելակերպն ու ճաշակը, կիսվել են ամեն ինչով։ Հաղորդման ընթացքում հիշատակվեց նաև նրանց սիրո խորհրդանիշ դարձած ծառի պատմությունը։ Զառան ժամանակին պատմել էր, թե ինչպես է մի օր տուն եկել փոքրիկ տնկիով և առաջարկել տնկել այն։ Այսօր այդ տնկին դարձել է հաստաբուն մեծ ծառ, որն աճում է իրենց տան այգում՝ որպես նրանց ամուր կապի կենդանի վկայություն։
Անգամ կյանքի ամենածանր պահերին, երբ Զառան առողջական լուրջ խնդիրներ ուներ և թթվածնային սարքին էր միացված, նա չէր կորցնում իր բարությունն ու ուրախանալու ունակությունը։ Արխիվային կադրերում սիրված հաղորդավարուհին կիսվում էր իր ամենանվիրական երազանքներով ու մտորումներով։
Արտաշես Գասպարյանը նրան բնութագրեց որպես բացառիկ ու ֆենոմենալ հավատքի տեր անձնավորություն։ Նա նշեց, որ Զառան մշտապես աղոթքների մեջ էր, սակայն հեռու էր ցանկացած տեսակի աղանդներից.
«Իր աղոթքներում առաջինը ես էի, հետո՝ երեխաներս»,— հիշում է ամուսինը։
Չնայած հիվանդությանը՝ Զառան պահպանում էր լավատեսությունը և չէր ցանկանում ընկճել հարազատներին։ Նա հաճախ էր կատակում՝ շեղելով ուշադրությունը իր վիճակից։ Նա մեծ հարգանքով էր վերաբերվում թե՛ ավագ սերնդի տաղանդավոր մարդկանց, և թե՛ երիտասարդներին՝ հավատալով, որ նոր սերունդն ավելի լավն է։
Հարցազրույցի ամենահուզիչ պահը Զառայի խոստովանությունն էր իր վախերի մասին։ Արցունքն աչքերին նա ասել էր.
«Ես շատ վախենում եմ… մի քիչ առողջական խնդիրներ ունեմ… հանկարծ չտեսնեմ թոռներիս։ Ուզում եմ տեսնել»։
Նա հստակ գիտակցում էր իր հեռանալը՝ ասելով. «Արտաշ ջան, օղակը գնալով նեղանում է», բայց միևնույն ժամանակ վստահեցնում էր, որ Աստծո մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Հիվանդանոցում գտնվելու ժամանակ, երբ Արտաշեսը բռնել էր նրա ձեռքը, Զառան լուսանկարել էր այդ պահը և այն զուգահեռել Միքելանջելոյի «Ադամի արարումը» որմնանկարի հետ։


















