«Ինձ թվում էր՝ աշխարհը փուլ է եկել». Նազենի Հովհաննիսյանի անկեղծ խոստովանությունը

Օրերս «Ռանդևու» հաղորդման հյուրն էր Նազենի Հովհաննիսյանը:

StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով ամենահետաքրքիր և անկեղծ հատվածները։
Հաղորդման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ թեմաներ՝ միայնությունից մինչև Նազենի Հովհաննիսյանի պատկերացումները մարդու, ազգի, հանրության և արժեքների մասին։

Հատկապես ուշագրավ էին նրա ինքնավերլուծական մտքերը, որոնք վերաբերում էին անցած տարիներին ունեցած ներքին պայքարին ու ինքնաճանաչմանը։

«Մինչև 2021 թվականը ինձ համար շատ ծանր էր հասկանալ՝ ով եմ ես ընդհանրապես, ինչ եմ ուզում և ինչ եմ արել այսքան տարի իմ կյանքում։ Այնքան դժվար էր դա ընդունելը, որ ես չէի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ իմ կարծիքները տարբեր մարդկանց, ազգի, հանրության ու գաղափարների մասին այսքան խախուտ են եղել»,- նշեց Նազենին՝ հավելելով, որ ինքնամեղադրանքի փուլը շատերին է ծանոթ։

Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում հասկացել է, որ ինքն է հաճախ «խմբագրել» իրականությունը․ տեսել է մարդկանց իրական վերաբերմունքը, վարքը, խոսքը, բայց փորձել է արդարացնել՝ մտածելով, թե նրանք պարզապես սխալվել են։

Նազենի Հովհաննիսյանը նաև կարևոր շեշտադրում արեց հանրային ընկալումների թեմայով՝ նշելով, որ մի քանի բացասական օրինակներով չի կարելի պատկերացում կազմել ամբողջ ազգի մասին։ Նրա կարծիքով՝ համացանցում հաճախ մարդիկ, տեսնելով մի քանի բացասական մեկնաբանություն, փորձում են ինքնահաստատվել նույն կերպ արտահայտվելով, մինչդեռ դա ազգի էությունը չէ, այլ առանձին անհատների վարքագիծ։

Հաղորդման ընթացքում խոսվեց նաև անձնական ապրումների մասին։ Նազենին անկեղծորեն պատմեց, որ 2020 թվականի պատերազմի շրջանում ունեցել է միայնության խոր զգացում, չի կարողացել հանդիպել ու շփվել մարդկանց հետ։
«Ինձ թվում էր՝ աշխարհը փուլ է եկել, եկել էր այդ ապոկալիպսիսը»,- խոստովանեց նա։

Նազենի Հովհաննիսյանի այս անկեղծ խոստովանությունները մեծ արձագանք են գտել հանրության կողմից: