Ինչպեն են հայ հայտնիները արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությանը

  • Feb 26, 2024

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում և հատկապես հայ հայտնիների շրջանում բուռն քննարկվում է  Կառավարության նիստում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` կապված արտագնա աշխատանքի մեկնողների հարկ վճարելու հետ։

«Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխել, եւ սա վերաբերում է նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին։ Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն հարկերը։ Ո՞նց կարա էդպես լինի, որ չվճարեն։ Չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով պետք է պատասխանատվություն կրեն։ Ասում են՝ Լոս-Անջելեսում գնացել, համերգ ենք տվել։ Բա որտեղի՞ց եք մեկնել Լոս-Անջելես, ի՞նչ ճանապարհով եք գնացել։ Դե ուրեմն, Հայաստանում հարկ վճարած քաղաքացիների հաշվին կառուցած ճանապարհից մի՛ օգտվեք: Ճանապարհի կողքի ճանապարհներով գնացեք, հնձեք այդ եղեգները, ու տենց գնացեք, հասեք օդանավակայան»,- իր խոսքում նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Այս թեմային անդրադարձել են հայ հայտնիներից շատերը։ 

Aravot.am-ը դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկեր վճարեն, եթե Հայաստանի սահմաններից դուրս համերգներ, ելույթներ են ունենում, այլապես ինքն առաջարկում է մերձդաշտյա ճանապարհներով, եղեգները հնձելով հասնել օդանավակայան, որպեսզի ասֆալտը չմաշվի: Ռաֆայել Երանոսյանը հարցը լսելով՝ ասել է, որ ինքը վաղուց հարկատու է, հարկ է վճարում: Երբ լրատվամիջոցը մանրամասնել է, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Երանոսյանը ծիծաղել է. «Տեղյակ չեմ, ոչ մի բանի չեմ հետեւում, ուզում եմ հանգիստ ապրել… Հաստա՞տ ասել է նման բան, թե՞ խաբում եք: Ստենդա՞փ եք պատմում, ներկայացման սցենա՞ր եք առաջարկում…»: Երբ Երանոսյանին հիշեցրել են, որ նրա գործընկերներից Անդրանիկ Հարությունյանը այդ թեմայով անգամ հումորային հոլովակ է նկարել և հրապարակել իր էջում, նա ասել է. «Ես Անդոյի հետ չեմ շփվում շատ վաղուց… Բայց այդ ամեն ինչն իսկապես ծիծաղելի է, ես պատասխան չունեմ, անկեղծ… Հետաքրքիր է՝ իսկապես ձեր ասածներն իրականությո՞ւն են…»: Փաշինյանի նշած՝ մերձդաշտյա ճանապարհներով, եղեգները հնձելով, առանց ասֆալտը մաշելու օդանավակայան հասնելու մասին էլ Երանոսյանն ասել է․. «Ես ապրում եմ Արմավիրի մարզում, մեր մոտ ասֆալտ չկա, ես դաշտերով կգնամ…: Միակ բանն այն է մնում, որ ներկայացումներ շատ դնեմ, շատ աշխատեմ, սեփական ուղղաթիռն առնեմ… Ի դեպ, 10 ՀԱ դեղձի այգի ունեմ, երևի քանդեմ полоса (թռիչքուղու գոտի) սարքեմ: Իսկ եթե հարկ վճարելու մասին է խոսքը,  կրկնում եմ՝ միշտ վճարել եմ ու վճարելու եմ: Բայց միևնույն է, այս ամեն ինչը ծիծաղելի է, պատասխան չեմ կարող տալ…»:

StarNews-ը ավելի վաղ ներկայացրել էր նաև Անդրանիկ Հարությունյանի հրապարակած հումորային հոլովակը՝ կապված թեմայի հետ։

Նմանօրինակ հումորային հոլովակ է հրապարակել նաև դերասան Գուրգեն Սարգսյանը։

Մեկնաբանություն

Որոնում