Ողբերգություն Լոս Անջելեսում․ հայկական ընտանիքում հայտնաբերվել են ամուսինների և երկու փոքր երեխաների դիերը

Լոս Անջելեսի Նորթ Հիլս շրջանում տեղի է ունեցել ողբերգություն, որը ցնցել է ինչպես տեղի համայնքը, այնպես էլ հայկական սփյուռքը։ Մասնավոր տներից մեկում հայտնաբերվել են հայկական ընտանիքի չորս անդամների՝ ամուսինների և նրանց երկու փոքր երեխաների մարմինները։ Իշխանությունները կատարվածը քննում են որպես հնարավոր սպանություն-ինքնասպանություն:

Դատաբժշկական փորձագետները պարզել են զոհվածների ինքնությունը՝ 31-ամյա Խաժակ Բասմաջյանը, նրա երկու տարեկան որդին՝ Ալեք Բասմաջյանը, և նորածին դուստրը՝ Էլլա Բասմաջյանը, որն ընդամենը վեց օրական էր։ Մոր՝ մոտ 30-ամյա կնոջ անունը պաշտոնապես չի հրապարակվում՝ մինչև հարազատներին տեղեկացնելը։

Քննության նախնական վարկածով՝ հենց մայրը կարող էր կրակած լինել՝ սպանելով երկու երեխաներին և ամուսնուն, ապա ինքնասպան լինել։ Միևնույն ժամանակ, պաշտոնական եզրակացություններ դեռ չեն արվել, քննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը հաստատել է, որ գործով կասկածյալներ չեն որոնվում։