«7 ամիս անց էլ լռություն․ անպատասխան հարցեր ու անդադար ցավ»․ Փարաքարի նախկին համայնքապետի դստեր ցավոտ գրառումը

Փարաքար համայնքի ղեկավարի սպանությունից անցել է արդեն 7 ամիս, սակայն դեպքը շարունակում է մնալ բազմաթիվ հարցերով ու չլուծված հանգամանքներով։
Համայնքապետի դուստրը՝ Մարինեն, ինչպես ամեն ամիս, այս անգամ ևս գրառում է կատարել՝ հիշեցնելով ողբերգական դեպքի մասին և բարձրաձայնելով արդարության բացակայությունը։
Նա նշել է, որ իրենց ընտանիքի ապրած ցավը անհամեմատ մեծ է այն ամենից, ինչ երևում է հանրությանը․
«Այն ամենը, ինչ դուք կարդում եք իմ պոստերի տակ, մեր ընտանիքի ապրածի մի չնչին մասն է»։
Մարինեն անդրադարձել է նաև այն մարդկանց, ովքեր քննադատում են իր հրապարակումները՝ նշելով, որ դա իր համար ինքնաարտահայտման և ցավը թեթևացնելու միակ ճանապարհներից է։
Նրա խոսքով՝ այս կերպ փորձում է բարձրաձայնել մի իրականություն, որը ժամանակի ընթացքում մոռացվում է, և գուցե փոքր քայլով փոփոխություն բերել։
Գրառման ավարտին նա հուզիչ կոչ է արել․
չքննադատել, այլ պարզապես ժամանակ անցկացնել հարազատների հետ, քանի դեռ նրանք կողքին են։
«Իմ այս անգամվա պոստը վերաբերում է այն մարդկանց, ովքեր չեն հասկանում իմ գրառումների պատճառը, իմաստը կամ հաճախականությունը։ Ընդամենը 7 ամիս առաջ մեր ընտանիքում տեղի ունեցավ այն դաժանությունը, որը փոխեց մեր կյանքը անասելի ձևով։ Այն ամենը, ինչ դուք կարդում եք իմ պոստերի տակ, մեր ընտանիքի ապրածի, զգացածի մի չնչին մասն է։ Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կմտածեն՝ «արդյոք այդքան ցավի մեջ մարդը կարող է ինչ-որ մի բան խոսել, գրել, պոստել սոց. հարթակում»։
Եվ իմ պատասխանը՝ այո, կարող է։ Երբ առօրյայում ճնշում ես ապրումներդ՝ մարդկանց չծանրաբեռնելու նպատակով, միակ բանը, որ օրվա վերջում կարողանում եմ անել, դա մտքերս թղթին հանձնելն է։ Եվ տեսնելով այս անարդար իրականությունը՝ հրապարակում եմ այն ամենը, ինչ գրում եմ՝ փորձելով լսելի դարձնել արդեն իսկ շատերի կողմից մոռացվող անարդար ու դաժան իրականությունը, մտածելով, որ գոնե ինչ-որ մի փոքրիկ բան ես կարողանամ փոխել այս ձևով։ Ես երբեք չեմ ցանկանա, որ ինչ-որ մեկը ապրի այն, ինչ ապրում ու ապրելու է մեր ընտանիքը մինչև կյանքի վերջ։
Այդ կարոտը և ժամանակը հետ տալու անկարողությունը չեմ ուզում, որ երբևէ ինչ-որ մեկը զգա։ Եվ վերջում ուզում եմ ասել՝ ում հաճելի չեն իմ գրառումները, անկեղծ խնդրում եմ՝ չքննադատել, չքննարկել… փոխարենը պարզապես ժամանակ անցկացրեք ձեր սիրելի մարդկանց, ընտանիքի անդամների և հարազատների հետ»։

















