«Ընտանիքն իմ հաջողության գրավականն է». Ազատ ոճի հայ ըմբիշ Արսեն Հարությունյանի անկեղծ խոստովանությունը

Համացանցում մեծ տարածում է գտել հայտնի մարզիկի Արսեն Հարությունյանի հարցազրույցից մի հատված, որտեղ նա պատմում է սպորտային կարիերայի և ընտանիքի կազմման բարդ ընտրության մասին։ Մարզիկը խոստովանել է, որ ամուսնանալու որոշում կայացնելիս շատերն են թերահավատորեն մոտեցել՝ պնդելով, թե ընտանիքը կարող է խոչընդոտել պրոֆեսիոնալ սպորտում բարձունքներ նվաճելուն։
«Երբ պատրաստվում էի ամուսնանալ, բոլորը դեմ էին։ Ասում էին՝ դու նոր ես սկսում քո մարզական կյանքը, մտնում ես մեծ սպորտ, իսկ ով ամուսնանում է, այլևս չի կարողանում լիարժեք զբաղվել սպորտով»,- նշել է նա հարցազրույցի ընթացքում։
Չնայած շրջապատի մտավախություններին՝ մարզիկն ընտրել է սիրո և ընտանիքի ճանապարհը, ինչը, ինչպես հետագան ցույց տվեց, դարձավ նրա ամենամեծ մոտիվացիան։
Տեսանյութում մարզիկը հատուկ շնորհակալություն է հայտնում իր կնոջը՝ ընդգծելով նրա կարևոր դերը իր հաջողությունների մեջ.
«Իրոք շնորհակալ եմ կնոջս, որ այդքան հասկացող է։ Նա ինձնից շատ է ուզում, որ ես իմ երազանքներին հասնեմ։ Ոչ մի վայրկյան այնպիսի քայլ չի անում, որն ինձ կխանգարի սպորտում»։
Հարցազրույցին զուգահեռ տեսանյութում ներկայացված են կադրեր զույգի հարսանիքից, համատեղ ճամփորդություններից և երեխաների հետ անցկացրած ջերմ պահերից։ Այսօր մարզիկը ոչ միայն հաջողակ է իր ասպարեզում, այլև օրինակելի հայր և ամուսին՝ ապացուցելով, որ սպորտային բարձունքներն ու ամուր ընտանիքը ոչ թե բացառում, այլ լրացնում են միմյանց։





















