«Ինձ թույլ չտվեցին որպես ռեժիսոր հանդես գալ Հայաստանում». Արտաշես Ալեքսանյանի անկեղծ խոստովանությունը

Հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանը «Ամալյա Հովհաննիսյանի հետ» հարցազրույցի շրջանակներում անկեղծացել է իր կարիերայի, Արցախյան պատերազմի դրվագների և միջազգային հարթակներում հայ դերասանի դիմակայության մասին:

Ալեքսանյանը վերհիշել է Արցախյան պատերազմի այն դրվագը, երբ ինքն ու իր ընկերները հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում: Նա պատմել է ճահճի մեջ գտնվելու, անընդհատ կրակոցների և Աստծուն ուղղված իր աղոթքների մասին: «Չորրորդ անգամ, երբ խնդրեցի, ասացի՝ էլ ուժ չունեմ, արդեն այստեղս խեղդվում եմ, ճահիճը քաշում է… և չգիտեմ՝ ինչ ուժ տվեց ինձ»,- նշել է դերասանը՝ նկարագրելով իր հրաշքով փրկությունը:

Դերասանն անդրադարձել է նաև Սունդուկյան թատրոնից իր հեռանալուն: Նա նշել է, որ Չեխիայում բազմաթիվ բեմադրություններ է արել և ունեցել է մասնագիտական մեծ պահանջարկ, սակայն Հայաստանում նրան թույլ չեն տվել հանդես գալ որպես ռեժիսոր: Ըստ Ալեքսանյանի՝ պատճառը եղել է մրցակցությունից վախը և ֆինանսական խոչընդոտները: «Դրսում ինձ փող են տալիս, որ իրենց թատրոնում բեմադրություն անեմ, իսկ այստեղ ասում էին՝ փող ունե՞ս, որ ներկայացում բեմադրես»,- ցավով նշել է նա:

Հետաքրքիր դրվագ է պատմվել նաև «Երեք թագավորների ճակատամարտը» (The Battle of the Three Kings) ֆիլմի նկարահանումներից, որտեղ Ալեքսանյանը նկարահանվել է համաշխարհային աստղերի հետ: Նա պատմել է, թե ինչպես է ընդվզել այն անհավասարության դեմ, երբ համաշխարհային աստղերին հարմարավետ պայմաններ էին տրամադրում, իսկ ԽՍՀՄ դերասաններին՝ ոչ: Ալեքսանյանը հիշել է իր հանդիպումը Օմար Շարիֆի հետ, ով հարցրել է նրա ազգության մասին և ստացել հպարտ պատասխան՝ «Հայ եմ»:

Զրույցի վերջում դերասանը խոսել է նաև կյանքի ընկեր ունենալու կարևորության և ընտանեկան հարաբերություններում եղած սխալների մասին՝ նշելով, որ երբեմն պետք է նորից նվաճել սեփական կնոջ սիրտը: