Կարծում եմ նեղված չեն… Սոնա Ռուբենյանը՝ «Խազեր» մրցանակաբաշխությանը չմասնակցած աստղերի մասին

Մայիտի 29-ին կայացած «Խազեր 2026» մրցանակաբաշխությունը նշանավորվել է ոչ միայն հաղթանակներով, այլև կուլիսային բացահայտումներով, որտեղ հաղորդավարուհի Արուս Տիգրանյանը հերթական անգամ հանդես է եկել իրեն բնորոշ ինտրիգային հարցադրումներով։

Միջոցառման առանցքային դրվագներից է դարձել ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհու՝ երգչուհի Անահիտ Ադամյանի հետ զրույցը, որի ընթացքում երգչուհին վերջապես պաշտոնապես հաստատել է իր բաժանման մասին լուրերը։ Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականից համացանցում ակտիվորեն շրջանառվում էին նրա անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին խոսակցությունները, երբ երգչուհին սոցիալական հարթակներից հեռացրել էր սիրելիի հետ ունեցած բոլոր համատեղ լուսանկարները և տևական ժամանակ խուսափում էր թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն տալուց։

Միջոցառման ընթացքում ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև երգչուհի Նանուլը, ով ներկայացված էր «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում։ Հաղորդավարուհին հետաքրքրվել է արտիստի տարիքով և հնարավոր մրցանակի ազդեցությամբ նրա հոնորարների բարձրացման վրա, ինչին ի պատասխան Նանուլը նշել է, որ ֆինանսական հարցերով զբաղվում են բացառապես իր ծնողները և ինքը տեղեկացված չէ գործնական այդ կողմից։

Մրցանակաբաշխության կուլիսներում ծավալված քննարկումներին իր մասնակցությունն է ունեցել նաև Սոնա Ռուբենյանը, ով ճանաչվել է «Տարվա լավագույն երգչուհի»։ Անդրադառնալով գործընկերների՝ Brunette-ի և Իվետա Մուկուչյանի բացակայությանը և շրջանառվող այն վարկածին, թե նրանք հնարավոր է նեղացած լինեն մրցանակ չստանալու պատճառով, երգչուհին հերքել է նման ենթադրությունները։ Սոնա Ռուբենյանը շեշտել է, որ արտիստների համար կարևոր է հանդիպել պրոֆեսիոնալ հարթակներում, այլ ոչ միայն հարսանեկան կամ կորպորատիվ միջոցառումների ժամանակ, և հավելել, որ ինքը մեծ սիրով է միացել այս մասշտաբային նախագծին՝ ընդգծելով նմանատիպ տոնական իրադարձությունների անհրաժեշտությունը հայկական երաժշտական իրականության մեջ։