Դեռ 2020 թվականին հայ հանրության շրջանում մեծ ոգևորություն առաջացրեց աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագայի հանրահայտ տեսահոլովակը, որտեղ կային փարաջանովյան ոճի մի շարք դետալներ։
Արդեն 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո լայն արձագանք ստացան և մեծ աղմուկ բարձրացրին այն եզրակացությունները, թե տեսահոլովակի սիմվոլիզմն իրականում խորհրդանշում էր պատերազմական ողբերգական դրությունը։
Այժմ գրեթե նույն իրավիճակում է հայտնվել երգչուհի Նարե Գևորգյանը։ Բոլորովին վերջերս Նարեն ներկայացրեց իր «Քամանչա» երգի տեսահոլովակը։ Ի դեպ, հոլովակը թողարկվեց բազմաթիվ քննարկումներից հետո, քանի որ կար վարկած, ըստ որի, երգը պատկանում է ոչ թե համշենահայերին, այլ թուրքական ծագում ունի։
Այսօր էլ երգչուհու և տեսահոլովակի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել։ Բանն այն է, որ համացանցի օգտատերից շատերը Նարեին մեղադրել են սիմվոլիզմի կիրառման մեջ՝ համարելով այն պատերազմի ազդակ։
Օգտատերերից մեկը, օրինակ, գրել էր.
«Մի ամիս առաջ ես տեսա էս սիմվոլիզմը, գույները ու սարսռացի։ Մի բան զգացի։ Էս կլիպը պիտի հետազոտվի լուրջ մասնագետների կողմից։ Սա ազդակ էր, որ ասվեր, որ Արցախը պիտի սև զինվորները գրավեն։ Ահա թե ինչ եղավ»։
Երգչուհուն, կարծես, այս խոսակցությունները հունից հանել են և Նարեն, թեմային անդրադառնալով, հրապարակումներ է արել սոցիալական իր էջերում՝ նշելով.
«Ոմանց ֆանտազիաների արդյունքում պատերազմն է՞լ եմ ես իմ տեսահոլովակով հրահրել։ Հասկանում եմ, որ մենք բոլորս այս պահին ավերված հոգեբանական ծանր ու անհավասարակշիռ վիճակում ենք գտնվում, բայց սա արդեն մառազմի է վերածվում։
Սրանք գույներ են, որոնք կարելի է հանդիպել ամեն քայլափոխին… իսկ ինչ վերաբերում է նախօրոք տրվող ազդակին, կարծում եմ ցանկացածս էլ թեթևակի կասկածի դեպքում կփորձեինք ամեն բան փոխել… ոչ թե նստել ու սպասել, թե երբ է ամեն բան ավերվելու, առավել ևս ամենավերջինը տեսահոլովակով կնախազգուշացնեինք այս ամենի մասին։ Ավելի կարևոր թեմաներ ունենք առաջիկայում քննարկելու… ձեր էներգիան պահեք այդ խնդիրները լուծելու համար»։