Լուսինե Հայրապետյանը անհապաղ վիրահատվել է․ ինչ է նրա հետ կատարվել

Դերասանուհի և հաղորդավարուհի Լուսինե Հայրապետյանը սոցիալական ցանցերում պատմել է վերջին օրերին իր հետ տեղի ունեցած ծանր միջադեպի մասին։ Նա հայտնել է, որ Բալիում հանգստի ընթացքում լուրջ վնասվածք է ստացել և ստիպված անհապաղ վերադարձել է Հայաստան՝ քթի վիրահատության նպատակով։

«Բառիս բուն իմաստով անուժ եմ։ Գիշերը թվում էր՝ չեմ լուսացնելու»,- գրել է Լուսինեն՝ նշելով, որ միաժամանակ նաև գրիպով է հիվանդացել, ինչը լրացուցիչ դժվարացրել է վերականգնման ընթացքը։

Նրա խոսքով՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել սերֆինգի ժամանակ։ Փոքր ալիքի վրա սայթաքելուց հետո ուժեղ քամին փոխել է սերֆինգի տախտակի ուղղությունը, և այն մեծ ուժով հարվածել է դեմքին։

«Անբացատրելի ուժեղ էր հարվածը։ Ովքեր 10-15 մետր հեռավորության վրա էին, լսել են ոսկորիս խրթոցը»,- պատմել է նա՝ հավելելով, որ արյունահոսությունն այնքան ուժեղ է եղել, որ շուրջբոլորը արյուն է եղել։

Լուսինեն հիշում է, թե ինչպես են իրեն օգնության հասել ընկերն ու հրահանգիչները, քանի որ վնասվածքից հետո սկսել է ուշաթափվել, իսկ ծովում ալիքներն արդեն վտանգավոր էին դարձել։ Նրանց հաջողվել է նրան տեղափոխել անվտանգ հատված, որտեղ ալիքներ չեն եղել։

Դերասանուհին նշել է, որ սա արդեն հերթական դեպքն է, երբ իր քթի հետ խնդիր է առաջանում, իսկ այս անգամ ամեն ինչ ավարտվել է վիրահատությամբ և երկար վերականգնման փուլով։ Նրա հրապարակումը մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում, որոնք շտապել են մաղթել շուտափույթ ապաքինում։