Հացթուխ եմ աշխատել, հարկադրված աշխատանքներ եմ արել. Դավիթ Մարդյանը՝ ընտանիքին պահելու ու երկրից հեռանալու մասին

  • Oct 30, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Դավիթ Մարդյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր աշխատանքի, ընտանիքի ու կյանքի բարդ փուլերի մասին։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր հատվածները։

Դավիթը խոստովանել էր, որ մանկուց չի սիրել ուշադրության կենտրոնում լինել՝ միաժամանակ նշելով, որ չնայած դրան, ինքը սիրում է նկարահանման հրապարակը.

«Բանակից հետո ընդունվեցի Աբելի ստուդիա, բայց մինչև դա էլ Թատերականում 0 կուրս որպես ազատ ունկնդիր եմ գնացել՝ համատեղ և՛ սովորում էի հոգեբանություն Եվրոպական համալսարանում, և՛ դասից փախնում, ընկերներիս հետ գնում 0 կուրս էի նստում։ Բայց բանակից հետո ընդունվեցի Աբելի ստուդիա և 7-8 ամիս հետո հայտնվեցի այդ ասպարեզում։ Բանակից հետո արդեն խնդիրը աշխատել, ապրել, ընտանիք ստեղծել, նպատակների հասնել, սովորելու համար չէի մտածում, որ ժամանակ կա։ Այն ինչը կախված է քո ցանկությունից և շատ մեծ է այդ ցանկությունը, փոքրուց իմ մեջ այդ հատկությունը կա, որ ես մի բան սրտանց ուզել եմ եղել է։ Մենք շատ հանրաճանաչ հարևաններ ենք ունեցել, որ կարող էին միջամտել ու այդ ամենը ավելի շուտ լիներ, բարց ամեն ինչ ունի իր ժամանակը։ Ես որոշեցի ու առանց որևէ մեկի միջամտության, այսինքն՝ միջամտել է Աբել Աբելյանը, ով ինձ զգուշացրել է, որ հրավիրված եմ քասթինգի ու գնացի և այնպես ստացվեց, որ նկարահանվեցի։ Կարևորը, որ ինքդ վստահ լինես քո ուժերի վրա։ Տեղեր կան, որ ես ինքնավստահ մարդ եմ, տեղեր կան՝ ոչ։ Հիմնականում իմ ուզածին հասնում եմ, չեմ համակերպվում նրա հետ, որ կարող է այդպես չլինել։ Անգամ երբ մարդ մահանում է, ես չեմ ուզում հավատալ այդ ամեն ինչին և փորձում եմ հիշել նրանց այնպես, ինչպես միշտ եղել են։ Եթե հավատում ենք Աստծուն՝ ուրեմն իրենք կան, ուղղակի ֆիզիկապես մեզ հետ չեն։ Ես շատ էմոցիոնալ եմ, վերջին շրջանում փորձում եմ կառավարել էմոցիաներս, որովհետև շատ էմոցիոնալ լինելով՝ սխալ որոշումներ ես կայացնում։ Իմ ընկերական, աշխատանքային միջավայրոպմ, ընտանիքում, փորձում եմ ավելի դրական լինել, բացասականը աշխատում եմ ինձնից հեռու տանել։ Դա նորմալ երևույթ է, մարդու սիրտը կկանգնի, եթե մեկ-մեկ չգոռա, բայց ես ձևը գտել եմ, ինձ համար էմոցիաները դուրս հանելու լավագույն տեղը նկարահանման հրապարակն է։ Ես նույն մարդն եմ՝ նույն էմոցիաները պետք է լինեն, կարող է՝ ինչ-որ գույներ լինեն, կերպարային ինչ-որ բան փոխվի, խաղը ստացվի, բայց դա ես եմ, իմ դեմքն է, իմ նույն էմոցիաներն են, իմ բարկությունն ու հուզմունքն է»։

Դավիթի խոսքով նկարահանման հրապարակը իրեն օգնել է ռեալիզացված ու առավել կայացած զգալ.

«Ես սկսել եմ նկարահանվել 2011թ.-ից, հիմա 2023թ.-ն է։ 21 տարեկանս լրացել է արդեն նկարահանման հրապարակում։ Դրանից 4 տարի հետո հասկացա, թե ինչ նշանակություն ունի ինքը ինձ համար, աշխատանք չէ, ես ապրում եմ դրա մեջ։ Պետք է ամեն դեպքում ժամանակ, որ մարդիկ հանգստանան քո դեմքից, ինչքան էլ որ սիրված լինես, միևնույնն է, մարդիկ հոգնում են նույն դեմքերից։ Դրանով է պայմանավորված, որ մեկը մյուսի հետևից չեն հրավիրում, լինում է նաև ընտրությունը։ Ամենաերկար դադարը եղել է 1 տարի 4 ամիս։ Այդ դեպքերում ամեն դեպքում պարապ չեմ մնում։ Ուրիշ գործերով, երբ զբաղվում եմ ուղղակի պարտավորված եմ, որովհետև ունեմ ընտանիք, իմ ժամանակը վաճառում եմ, որ իմ ընտանիքը շատ լավ պահեմ։ Ես 2020 թ.-ից հասկացել եմ, որ ամեն ինչ կարող եմ անել, հացթուխ աշխատել եմ, արհեստական եղևնիներ եմ պատրաստել, մենեջեր եմ աշխատել, լողավազանի ֆիլտրացիա հավաքել եմ, հարկադրված եմ անում, ես այդ աշխատանքները կատարել եմ»։
Դավիթը ասել էր, որ այս պահին նպատակ ունի արագ սննդի ցանց ունենալ ու մեծ թիմ ձևավորել։

Խոսելով ընտանիքի մասին դերասանն ընդգծել էր, որ դուստրը իր և կնոջ համատեղ երազանքն է.

«Երեխա ունենալու մասին իմ կարծիքով բոլոր նորմալ մարդիկ էլ մտածում են ու երազում են և մի բան անում են, որ լինի՝ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով։ Սեռը կապ չունի ինձ համար, կուզեի երեք երեխա ունենալ, մեկը մյուսից գազանիկ, նայեի իրենց աչքերի մեջ ու ավելի շատ ուզեի ապրել։ Իմ կարծիքով նորմալ է, որ մարդիկ շատ երեխաներ են ուզում ունենալ, որովհետև ամեն մեկի հետ բան ծնվում է քո մեջ։ Մեր աղջկան, որ ունեցել ենք, այդ ժամանակ կարծեմ չէի էլ աշխատում, բայց չենք նայել ֆինանսականին, շատ մարդկանց դա խանգարում է, դա էլ է նորմալ, չենք կարող մեղադրել ոչ մեկին, որովհետև բոլորն էլ ուզում են լավ պահել իրենց երեխաներին։ Ուղղակի չեն ուզում շատ ջանք գործադրել, որովհետև, եթե ուզում ես երեխա ունենալ՝ ունեցիր և ամեն ինչ էլ իր հետևից կլինի։ Աշխատող մարդու համար, որ ասում են աշխատանք չկա՝ չկա տենց բան»։

Դավիթի դուստրը շուտով կդառնա 6 տարեկան, ու դերասանի խոսքով՝ ինքը չի պատկերացրել, որ այդ սիրուց իր շունչը կարող է կտրվել.

«Իր անունը Նոյեմի է, նշանակում է՝ նոր կյանք, անբացատրելի է, ով երեխա չունի ես միշտ ասում եմ՝ դա ամենալավ բանն է, ամենաուժեղ պարգևներից է, որ Աստված մեզ տալիս է։ Ես ուրախ եմ, որ հենց ինքն է իմ աղջիկը ու հաստատ ինքն էլ է ուրախ, որ ես եմ իր պապան։ Լինում են տարաձայնություններ, դա պարզ է, ու երբեմն ինքն էլ իր ցանկությունները պետք է առաջ տա, շատ զիջումների չի գնում, բայց չեմ էլ թողնում, որ այդ ես-ը կոտրվի։ Կարող է լինել, որ ինքը իմ մի հայացքից հուզվի, բայց լինում է նաև, որ ինքը դրանից մի բան էլ ավել ինձ նայի ու իմ ասածը չանի։ Ես դա ցավագին չեմ տանում, որ իմ աղջիկը ինձ չի լսում, բայց փորձում եմ հասկացնել, սիրով եմ իրեն փորձում դաստիարակել, ոչ թե պատժելով, ծեծելով ու գոռալով, լինում է, որ գոռում եմ, բայց դա ոչինչ։ Փորձում եմ նաև իր հետ ընկերություն անել, իմ կարծիքով ստացվում է։ Տա Աստված հետագայում էլ էլ ավելի լավ լինի։ Հոր ու աղջկա հարաբերությունները միշտ պետք է բարձր մակարդակի վրա լինի, որովհետև այսօր շատ դժվար ժամանակներում ենք ապրում ու հոր դերը աղջկա կյանքում շատ մեծ նշանակություն ունի։ Ես ընտանիքին երկրորդ պլան չեմ գցում, լինում են դեպքեր, որ անգամ նկարահանման հրապարակ եմ իրենց հետ գնում, եղել են դեպքեր, որ նույնիսկ օրինակ հացի փող էի աշխատում Ռուսաստանում, եկել են իմ մոտ։ Նույն բանը ինչ-որ ես եմ ապրել, չէի ուզի իմ աղջիկը ապրեր, իմ պապան երկար տարիներ աշխատել է արտերկրում, դրա համար չէի ուզի որ իմ աղջիկը զգար այկ կարոտը։ Հիմա իհարկե արդեն մեզ հետ է, բայց 4-5 տարի չենք տեսել, այսինքն՝ ուշ-ուշ ենք տեսել՝ տարին 1 անգամ։ Եղել է, որ բացակայել եմ 2-3 ամսով։ Իմ կարծիքով ֆինանսական վիճակը անցողիկ է, բայց այդ ժամանակը, որ անցնում է էլ հետ չես բերի, երբ դու իրեն պետք է տեսնես փոքր ու այդ փողի խաթր չտեսնես՝ մի քիչ նորմալ չի»։

Մի քանի տարի առաջ Դավիթը ժամանակավորապես տեղափոխվել էր ՌԴ ու ինչպես ինքն էր նշել՝ ռեստարտ լինելու նպատակով.

«Պատերազմից հետո փոփոխություն էր պետք, բայց դա ինձ դաս եղավ, որ ես ՀՀ սահմանները այլ երկրում ապրելու նպատակով այլևս չլքեմ։ Ինձ համար երկրորդ ծառայությունն էր այդ տարի 4 ամիսը, որ ապրեցի այնտեղ։ Ճիշտ է, ապրում էի հայկական միջավայրում, հայերով շրջապատված, ինձ ընդհանրապես որպես հյուր չէի զգում»։

ՌԴ-ում Դավիթը տարբեր տեսակի աշխատանքներ է կատարել, սակայն նշել էր, որ այդ ընթացքում իր մոտ ներքուստ կռիվների մեջ է եղել։ 2020 թվականին դերասանը ընտանիքին նախօրոք է ուղարկել Ռուսաստան, հետո՝ ինքն է մեկնել։ Նրա խոսքով՝ նման որոշման պատճառը պատերազմն էր.

«Ձմեռ է, ցուրտ է, պատերազմ է, աշխատանքի խնդիր կար, դրա համար ապահովության համար ուղարկեցինք իրենց»։

Պատերազմի օրերին Դավիթը եղել է նաև սահմանին ու այդ թեմայով ևս խոսել էր.

«Միանշանակ դա մեր բոլոր հայ տղամարդկանց պարտքն է եղել, թեկուզ մի փոքր օգնած լինել Հայոց բանակին։ Երբ 27-ին սկսվեց պատերազմը, նկարահանման հրապարակում էինք ու ընկերներով որոշեցինք, որ 29-ին պետք է կամավոր մեկնենք Վարդենիսի շրջան, բայց մենք հենց առաջնագիծ չենք եղել, եղել ենք պահեստներում, որտեղից զենք-զինամթերք ենք մատակարարել առաջնագիծ։ Եղել ենք՝ որպես բանվոր ուժ, հրազեն բռնող մարտիկ չենք եղել։ 1 շաբաթ 10 օր է եղել, դրանից հետո մեզ ուղարկեցին հետ։ Չեմ մտածում, որ անիմաստ ենք գնացել, ես այդ ամենը շատ ուրիշ ձև եմ պատկերացնոպմ, այն ինչի միջով մենք անցել ենք էլի վտանգավոր էր, ադրենալին կար, վախ։ Բայց ես այդ վախը փիրձել եմ ճաղթահարել այնքանով, որ ես ինձ ուրիշ տեղ էի պատկերացնում, մտածում էի, որ հենց այդպես էլ պետք է լինի, անօդաչուների ձայները, հրանոթների կրակոցները, այսինքն՝ չեմ հավատացել, որ կզոհվեմ, կամ գնացել եմ մեռնեմ։ Ես ծառայել եմ 2008-2010 թթ. սահմանամերձ գոտում, բայց մեր գունդը սահման չի պահել։ Ես սահմանում եղել եմ 3 օր ու իմ ծառայության ամենանշանակալի 3 օրն է եղել, բացի նրանից, որ եղել եմ կարգապահ զինվոր, շփվել եմ բանակի ամենակարկառուն ներկայացուցիչների հետ, բանակը ինձ շատ հմտություններ է սովորեցրել։ Միանշանակ համաձայն եմ, որ տղամարդը ձևավորվում է բանակում։ Դու ունես պատասխանատվություն ու այդ պատասխանատվությունը չկատարելու դեպքում՝ կամ դատապարտված ես կամ էլ մահանում ես, կամ էլ՝ դատում են քեզ։ Նույնն էլ կյանքում է, երբ քո պարտականությունները չես կատարում՝ կամ որդերն են քո ուղեղի միջից քեզ ուտում, կամ դատվում ես»։

Դավիթի մուտքը հեռուստատեսություն եղավ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալով, որը իր բարձր վարկանիշով անմիջապես լայն ճանաչում տվեց նախագծի բոլոր մասնակիցներին։ Զրույցի ընթացքում Դավիթը խոսել էր նաև կյանքի այդ շրջանից.

«Այդտեղից էլ եմ շատ դասեր քաղել, աստղային տարած, որ ասում են, ինձ մոտ այդ ընթացքում է եղել, 1 ամիս է տևել ու ես չգիտեի՝ ոնց եմ ապրում։ Հասկացա, որ պետք է ստոպ տալ։ Շատ ակտիվ կյանքով էի ապրում, ակտիվ ակումբային, գիշերային կյանքով էի ապրում։ Դա նորմալ է իմ կարծիքով, լավ է, որ գոնե 1 ամիս է տևել։ Երազ տեսա ու այդ երազից հետո դուրս եկա այդ ամեն ինչից, երազը մեր կրոնի հետ կապ ուներ։ Այդ ազատ կյանքի վերջը եկավ ընտանիքի ստեղծելու սկզբի ու հիմա այդ ընթացքի մեջ է, մինչև հասնենք մյուս վերջին։ Այն նախապայմանները, որ պետք է պահել երջանիկ լինելու համար շատ չեն, բայց պետք է պահել։ Եթե կա խնդիր կա նաև լուծում, ու ընտանեկան կյանքում եթե լինում են խնդիրներ կամ պետք է ատամներդ կրճտացնես, կամ մի բան ջարդես։ Աշխատում եմ բոլորի հետ լեզու գտնել»։

Մեկնաբանություն

Որոնում