Ամուսնուս դիшհերձարանում էի փնտրում, բայց անծանոթ համարից զանգ ստացա և ձայնը լսեցի. արցախցի կինը պատմում է

  • Oct 17, 2023

Էլինար Պողոսյանը ամուսնու և երկու տարեկան դստեր հետ Ստեփանակերտից է բռնի տեղահանվել։ Ընտանիքը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում է ապաստանել։ Դժվարությամբ են հասել Հայաստան։ Կորցրածի հետ չի հաշտվում, ասում է՝ մենք կորցրել ենք մեր զրահաբաճկոնը։

«Ամուսինս դիրքերում էր, 21 օր չէի տեսել, իսկ ես երեխայիս հետ հիվանդանոցում պառկած էի։ Մինչև սեպտեմբերի 19-ի պատերազմի սկսվելը 2 ժամ առաջ մեզ ասել էին, որ ԱԹՍ-ի պայթյուն է եղել, հենց ամուսնուս դիրքերի ուղղությամբ։ Տեղս չէի գտնում, որովհետև գիտեի արդեն, որ այդ ուղղությամբ ահավոր լարված է իրավիճակը։ Հետո լսվեց պայթյունի ձայները, ամբողջ հիվանդանոցը խառնվեց, հասցրեցի երեխայիս վերմակի մեջ փաթաթել և վազել նկուղ, շատ ցուրտ էր այդ օրը։ Բոլորը երեխաներին գրկած նկուղում անընդհատ փորձում էինք զանգել և ինչ-որ լուր իմանալ, սակայն ապարդյուն, ոչ մեկին զանգ չէր գնում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմել է Ստեփանակերտից բռնի տեղահանված Էլինար Պողոսյանը։

Արցախցի կնոջն ի վերջո հաջողվել էր հարազատների հետ կապի դուրս գալ, բայց դիրքապահ ամուսնուց ոչ մի տեղեկություն չուներ։ «Քույրս, եղբայրս եկան ինձ տեսակցության, բայց ոչ ոք ամուսնուցս՝ Դենիսից, նորություն չուներ։ Գիտեին, որ այդ դիրքն արդեն թուրքերի ձեռքին էր, հարակից գյուղը նույնպես, բայց ինձ ոչինչ չէին ասում, որ չանհանգստանայի։ Հաջորդ օրը, երբ ասացին՝ վերջ, չարաբաստիկ պատերազմն արդեն վերջացել է, և պետք է լքենք Արցախը, ես ասացի, որ ոչ մի տեղ չեմ գնալու մինչև Դենիսից լուր չիմանամ։ Այդ օրը քրոջս հետ գնացինք հիվանդանոց, դիահերձարան՝ ցուցակները նայելու, աղոթում էի, որ գոնե վիրավորների մեջ անունը լիներ։ Բայց ոչ մի տեղ չգտանք, ընկերները զանգում էին ինձ՝ նորություն իմանալու, ոչ ոք ոչինչ չգիտեր։ Թեև ասացին, որ վերջ պատերազմին, բայց Ստեփանակերտում լսվում էր կրակոցների ձայներ։ Հիվանդանոցում շատ ծանոթների տեսա, ովքեր ևս փնտրում էին իրենց հարազատներին։

Մեկնաբանություն

Որոնում