Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով կան վիրավորներ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը լրատվամիջոցներին հաստատեց լուրը՝ նշելով, որ թեթև մարմնական վնասվածք է ստացել 2 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 12-ին, ևս մի վթար էր տեղի ունեցել զինծառայողներին տեղափոխող մեքենայի մասնակցությամբ։
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Կա 4 զոհ, 20 վիրավոր։
Վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզում, Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին։ Զինծառայողները Մեղրիի հիվանդանոցում են։
Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։