«Ուրալ»-ի վթարի հետևանքով այսօր՝ ապրիլի 12–ին զոհված 20–ամյա Դավիթ Հակոբյանը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքից էր զորակոչվել բանակ։
Սեւանի համայնքապետարանից NEWS.am–ի հետ զրույցում ասել են, որ Դավիթը ծնվել է իրենց քաղաքում, բազմանդամ ընտանիքը մի քանի տարի առաջ տեղափոխվել էր Մեծամոր։
«Շատ համեստ ընտանիք է։ Հինգ երեխա ունեն, որոնցից երկուսն անչափահաս են»,– փոխանցել են համայնքապետարանից։
Ազգականներից մեկն էլ պատմել է, որ Դավիթին, նրա երեք եղբայրներին ու քրոջը ընտանիքը մեծ դժվարությամբ է մեծացրել։ Հայրը տեսողական խնդիրներ ունի եւ չի աշխատում։ Երեխաների կարիքները հոգալու հարցում հիմնականում օգնել են տատիկն ու պապիկը։
«Դավիթը շատ լավ սովորում էր։ Խոհարարական բաժինն էր ավարտել գերազանցությամբ։ Նա եւ եղբայրը միաժամանակ էին զորակոչվել բանակ՝ մեկ տարի առաջ»,– պատմել է ազգականը։