«Ծանր էր». ինչպես Արաքսյա Մելիքյանի որդին Գերմանիայից հայրենիք վերադարձավ՝ ծառայության գնալու համար

Ամալյա Հովհաննիսյանի հեղինակային LIFEROOM հաղորդաշարի «ՍԵՐ» շարքի հյուրերն էին դերասաններ Արաքսյա Մելիքյանն ու Անդրանիկ Զաքարյանը, ովքեր եթերում ներկայացան իրենց որդու և աղջկա հետ։

StarNews-ը հետևեց հաղորդմանը, որի հիմնական թեման դերասանների որդու՝ Գերմանիայից վերադարձն էր՝ Հայաստանում զինվորական ծառայության անցնելու նպատակով։

Գուրգենը կայացրել է մի կարևոր և հարգանքի արժանի որոշում։

Երկու տարի առաջ նա տեղափոխվել էր Գերմանիա, որտեղ միաժամանակ սովորում էր և իր քայլերն էր անում ֆուտբոլի ոլորտում։ Սակայն բանակին ընդառաջ նա վերադարձել է Հայաստան, քանի որ ցանկանում է կատարել իր զինվորական պարտքը։ Դա մի քայլ է, որը շատերը չէ, որ կանեին․ շատերն ուղղակի կօգտվեին արտասահմանում մնալու հնարավորությունից և կխուսափեին ծառայությունից։

Ամալյա Հովհաննիսյանի հարցին՝ ինչն՞ է նրան դրդել նման որոշում կայացնել, Գուրգենը պատասխանեց․

«16 տարեկանում գնացի, մի քիչ մեծանալու տարիք էր։ Ինչ-որ տեղ օգնեց իմ պապիկը, իմ քեռին՝ ավելի հասունանալ, հասուն մարդու ձևով մտածել։ Ասացին՝ որոշումը քոնն է, դու պետք է որոշես՝ ապագադ ինչպես ես կառուցելու։

Մտածեցի՝ եթե ամեն մեկն իմ նման մտածի ու որոշի երկրից գնալ, շատ սխալ կլինի։ Երկիրն էլ, այսպես ասած, հիմա հեշտ վիճակում չէ, դրա համար վերադարցա ծառայեմ, հետո կտեսնեմ՝ ինչ կանեմ»։

Գուրգենի հայրը՝ դերասան Անդրանիկ Զաքարյանը, անկեղծորեն խոստովանեց, որ որդու՝ Գերմանիա մեկնելիս, այլ պատկերացումներ ու հույսեր ուներ։

«Բանակի մասին չէի մտածել։ Մտածեցի՝ կնդունվի ինստիտուտ, հետո կգա, մինչև 27 տարեկանը ժամանակ կա։ Բացի դրանից՝ ինքը գիտի, որ ես երբեք չեմ վախեցել իր բանակում ծառայելու գաղափարից։ Գիտի՝ հպարտանում եմ, որ ես ծառայել եմ։ Ուրախ եմ, որ տղաս էլ է այդպես մտածում»։

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը անկեղծորեն պատմեց, թե ինչպես է ընտանիքը վերապրել որդուց՝ Գուրգենից, երկու տարի հեռու ապրելու դժվարությունը։

«Ծանր էր… Ինչու՞։ Որովհետև շատ շնորհակալ եմ իմ կյանքի այդ փորձության համար։ Կարծում եմ՝ դա մեզ բոլորիս համար հրաշալի դաս էր։ Ամեն մեկը վերարժևորեց, թե ով ում համար ինչ արժեք ունի և ինչից է պետք կարճվել։ Դա կարևոր դաս էր՝ և՛ նրա, և՛ մեր համար։

Մենք ժամանակից շուտ էինք որոշել նրա ճակատագիրը, բայց ինքն ավելի խելացի գտնվեց՝ որոշեց ինքնուրույն տնօրինել սեփական կյանքը։

Դժվար էր… այդ սարսափելի կարոտը։ Պիտի ապրես, որ հասկանաս՝ ինչ է դա նշանակում, երբ նույնիսկ առողջական խնդիրներ ես ունենում կարոտից։ Բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։

Որպես ծնողներ՝ մենք ճիշտ հաշվարկ էինք արել։ Մենք հեռուն էինք տեսել, բայց մարդը ինքը պիտի ուզենա անցնել այդ ճանապարհը։

Ծանր էր… թվում էր՝ մենք ցույց չէինք տալիս, ասում էինք՝ տղաս դրսում է, հայրենիքին այլ ձևով է ծառայելու, որ պարտադիր չէ զինվորական ծառայությունը։ Բայց հետո հասկացանք, որ դա ինքնախաբեություն էր։ Պետք է իրերը կոչել իրենց անուններով»։