“Ես կիսաքանդված, կիսափչացած հոգով մարդ էի”․ Սարգիս Գրիգորյանի անկեղծ խոստովանությունները

«YELAKET» հաղորդման հյուրն էր դերասան Սարգիս Գրիգորյանը, ով վերջին շրջանում ընտանիքի հետ հայրենիք վերադառնալուց հետո կրկին հանրության ուշադրության կենտրոնում է։ Նրա յուրաքանչյուր քայլ ու հրապարակում մեծ հետաքրքրություն է առաջացնում հետևորդների շրջանում։

Հաղորդման ընթացքում քննարկվել են մի շարք խորքային թեմաներ՝ Սարգսի հոգևոր փոփոխությունները, ներքին պայքարը, ԱՄՆ մեկնելու և հետագայում Հայաստան վերադառնալու պատճառները։ Զրույցը դերասանը վարել է բացառիկ անկեղծությամբ՝ բացելով իր կյանքի ամենաբարդ փուլերից մեկը։
Սարգիսը խոստովանել է, որ մինչ ԱՄՆ մեկնելը իր էներգետիկ դաշտը խիստ փոխված էր, և իրեն անհրաժեշտ էր «բժշկվել», մաքրել հոգին ու վերականգնվել։

Նրա խոսքերով՝
«Ես ինձ պետք չէի, ուր մնաց հանրությանը պետք լինեի։ Ես կիսաքանդված, կիսափչացած հոգով մարդ էի, որը լիքը-լիքը չար բաներ էր մտածում, լիքը-լիքը նյարդային կծիկ էր»։

Դերասանը նշել է, որ բուժումից և ներքին վերարժևորման փուլից հետո միայն կարողացել է վերադառնալ ու նորովի սկսել կյանքը։

Զրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև ժամանակակից ընտանիքներում հաճախակի դարձած բաժանումներին։ Սարգիսը պատմել է, որ ինքն ու կինը մտածում են ապագայում նախաձեռնել հաղորդում, որտեղ զույգերը կգան և իսկ իրենք կկիսվեն իրենց փորձով, կխոսեն դժվարությունների մասին, որպեսզի մարդիկ գիտակցված մոտենան ամուսնությանը։

Նա ընդգծել է.
«Չի կարելի մտնել եկեղեցի, Աստծուն ասել՝ տեր եմ, հնազանդ եմ ու խաբել Աստծուն։ Չի կարելի ասել՝ մինչև ի մահ քեզ հետ եմ, ու մի ամիս հետո ասել՝ դե լավ, չհասկացանք իրար»։

Ամուր ընտանիք ունենալու հարցին դերասանը պատասխանել է, որ դա համատեղ աշխատանք է.

«Դա երկու կողմի աշխատանք է, դա մի հատ ճարտարապետություն է, որ կոչվում է ընտանիք։ «Մենք»-ի գաղափարը, եթե հասկանալի է երկուսի կողմից, խնդիրները շեշտակի լուծում են ստանում․․․ Երբ որ քո կինը սիրուն աչքերիդ համար չի խոնարհ, դու պետք է լինես այդքան, որ քո կինը կարողանա քեզ տանի, դու էլ պիտի տանես իրեն»։