«Չեմ ուզում ընտանիքս բերել իմ դաշտ»․ Ավետ Բարսեղյանը՝ դստեր յուրահատուկ աշխարհի և ընտանեկան սահմանների մասին

«InnaView» հաղորդման նոր թողարկման հյուրն էր Ավետ Բարսեղյանը, ով ունեցավ անկեղծ ու բազմաբովանդակ զրույց՝ անդրադառնալով հավատքին, փառքին, ինչպես նաև իր ընտանիքին վերաբերող թեմաներին։ StarNews-ը հետևել է հարցազրույցին և առանձնացրել ամենահետաքրքիր դրվագները։

Խոսելով ընտանիքի մասին՝ Բարսեղյանը նշել է, որ թեև սիրում է գրել իր հարազատների մասին, սակայն խուսափում է նրանց ներգրավել այն դաշտում, որտեղ ինքը գործում է։

«Սիրում եմ գրել Անիի մասին էլ, Լուսեի մասին էլ, բայց չեմ սիրում բերել ընտանիքի անդամներին այն դաշտ, որտեղ ես եմ, ու դրանով նրանց խանգարել»,– նշել է նա։

Նա պատմել է նաև իր դստեր՝ Լուսեի մասին՝ ընդգծելով, որ վերջինս բավական յուրահատուկ հետաքրքրություններ ունի։ Թեև աղջիկը դասական իմաստով «շատ կարդացող» երեխաներից չէ, սակայն առանձնանում է խոր մտածողությամբ և ոչ ստանդարտ հետաքրքրություններով։

«Ինքը ավելի շատ հետաքրքրվում է Եգիպտոսով… շատ խորը երեխա է, ուրիշ տեղ է իր հետաքրքրությունը»,– ասել է Բարսեղյանը։

Հաղորդավարի խոսքով՝ Լուսեն ունի նաև հուշատետր, որտեղ արտահայտում է իր բոլոր զգացմունքները։ Երբ նեղանում է կամ վիրավորվում, գրում է, անիծում է, վիրավորում է՝ այդ կերպ ազատվելով ծանր ապրումներից։

Բարսեղյանը նաև ընդգծել է, որ չի կենտրոնանում երեխայի գերազանցիկ լինելու վրա․ նրա համար առաջնայինը դստեր ներաշխարհն ու հետաքրքրությունների խորությունն է։

«Ես գիտեմ՝ ինքը որքան խորն է, և դա ինձ բավարարում է»,– ասել է նա՝ հավելելով, որ գերազանցիկ լինելու պարտադրանքը ավելի շատ իրենց սերնդին էր բնորոշ։