Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության գործով կայացվեց դատավճիռ․ հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Մարտի 25-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակեց աղմկահարույց գործով դատավճիռը։ Դատավոր Արտավազդ Կարապետյանի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմեն Օհանեսովը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի մի քանի կետերով՝ առանձնակի ծանր հանցագործության համար։ Քննությամբ պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին նա դիտավորությամբ սպանել է 2022 թվականի մարտի 23-ին ծնված իր անչափահաս որդուն։

Ըստ գործի նյութերի՝ դեպքը տեղի է ունեցել Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից տարածքում, որտեղ տղամարդը երեխային խեղդելու միջոցով զրկել է կյանքից։ Այնուհետև նա փորձել է թաքցնել մարմինը՝ տեղափոխելով այն տարբեր վայրեր և վերջնականապես թողնելով Ջիլ բնակավայր տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում։

Երեխայի դին հայտնաբերվել է մի քանի օր անց՝ նոյեմբերի 2-ին։

Դատարանը, գնահատելով ներկայացված ապացույցները, արարքը ճանաչել է լիովին ապացուցված և կայացրել է առավել խիստ պատիժ՝ ցմահ ազատազրկում։