Սկանդալ Եվրատեսիլի եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ցուցադրեց Ադրբեջանի դրոշի ներքո

«Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Իսրայելի պետական Kan 11 հեռուստաալիքը ցուցադրել է, թե ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված նույն՝ ադրբեջանական դրոշով։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Արտեմ Չերնամորյանը։ Նրա խոսքով՝ միջադեպը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Իսրայելի հայ համայնքում։ Միևնույն ժամանակ Չերնամորյանը նշել է, որ, իր կարծիքով, տեղի ունեցածը միտումնավոր սադրանք չէր, այլ խմբագրական անփութություն։
«Չեմ կարծում, որ սա դիտավորյալ քայլ էր, ավելի շուտ՝ անուշադրության հետևանք։ Նմանատիպ դեպքեր նախկինում ևս եղել են։ Կիրակի օրը պատրաստվում եմ պաշտոնապես դիմել՝ ներողություն պահանջելու համար»,- նշել է նա։
Չերնամորյանը հիշեցրել է նաև 2025 թվականին տեղի ունեցած մեկ այլ սկանդալային դեպք, որը ևս կապված էր «Kan 11»-ի հետ։ Այդ ժամանակ «Եվրատեսիլ»-ում Հայաստանի մասնակցի ելույթից հետո հեռուստամեկնաբանը ասել էր. «Չեմ կարող հավատալ, որ մենք այս տղաներին Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք»։
Դեպքից հետո Հայաստանի հանրային հեռուստատեսությունը կապ էր հաստատել իսրայելական հեռարձակողի հետ՝ պահանջելով պարզաբանում։ Ավելի ուշ հայկական կողմը ստացել էր պաշտոնական ներողության նամակ, իսկ Իսրայելի հանրային հեռարձակողը հրապարակային ներողություն էր խնդրել։


















