Ինչպես են հայ տղամարդիկ հնդիկի առաքման պատճառով «հարձակվում» հայ կնոջ վրա

Բլոգերներն էլի խառնվել են իրար, բայց ինչպես միշտ խոսում են ոչ թե իսկապես կարևոր ու առաջնահերթ խնդիրներից, այլ գտել են մի թեմա, որի միջոցով կարող են ինքնահաստատվել իրենց շրջապատում ու մի քանի հազար դիտում հավաքել։
Սոնա Մանուկյանը, ով հայտնի է առողջ ապրելակերպի մասին իր բլոգով, մոտիվացիոն հրապարակումներով, օրերս տեսանյութ էր տարածել, որտեղ դժգոհում էր «Յանդեքս» ընկերության առաքիչի հակահիգիենիկ, փնթի առաքումից։ Առաքիչը ազգությամբ հնդիկ է եղել ու հենց սա է «նեղացրել» բլոգերներին՝ Հայկ Մկրտչյանին, Ռաֆիկ Համբարձումյանին (Հայդալեկ), Նինա Տիտանյանին, հաղորդավար Մհեր Բաղդասարյանին ու նրանց հետևող մի քանի հազար օգտատերերի։
Սոնայի բողոքը հետևյալն էր. ինչու պետք է ցանկացած անձ, ով վարձատրվում է մեր վճարած հարկերից, թույլ տա նման անպատասխանատու, կեղտոտ, հակահիգիենիկ և անթույլատրելի ձևով սպասարկի հաճախորդին, այն էլ՝ սննդի ոլորտում։ Բայց այս կարևոր ուղերձը մի կողմ դնելով՝ վերը նշված բլոգերները որոշել են, որ սա ռասիստական վերաբերմունք է հնդիկների նկատմամբ։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս մարդկանց համար նորմալ է ուտելիք վերցնել և ուտել, օրինակ, երկար, կեղտոտ եղունգներով, չլվացված մեկի ձեռքից։ Իհա՛րկե կարող ենք, հաշվի առնելով նրանց անբացատրելը վրդովմունքը թեմայի վերաբերյալ։ Բայց գրեթե վստահ ենք, որ նույն այս բլոգերներն ու նրանց աջակցողները ամենավատ ձևով ու բառապաշարով կքննադատեին նման կերպ առաքում իրականացրած ազգությամբ հայ առաքիչին։ Դե, իրենց համար հայն ու հայկականը վատագույնն են ու հետամնացը, իրենք այլ արժեքների են դավանում։
Բլոգերնե՛ր ջան, հասկանում ենք, որ մի քանի հազար դիտում հավաքելով մի երկու գովազդ ավելի եք ունենում, մի երկու երկիր ավելի եք գնում ու ChatGpt-ից պեղած ստատուսներով հրապարակումներ անում։ Բայց դադարե՛ք ինքնահաստատվել այլ մարդկանց հաշվին, սեփական կոնտենտով փորձեք գումար ու դիտում վաստակել։ Մեկ-մեկ էլ կարևոր բաներից խոսեք, կամ էլ չէ՛ մի խոսեք ընդհանրապես։ Կարևոր բաներից կարևոր մարդիկ արդեն խոսում են։

















