«Նկարահանման հրապարակի հայրս…»․ Դիանա Գրիգորյանի անչափ հուզիչ հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը հուզիչ գրառում է կատարել՝ հրաժեշտ տալով Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանին։

Դիանան հրապարակել է դերասանի լուսանկարը և կիսվել հուշերով՝ պատմելով, թե ինչ կարևոր տեղ էր նա զբաղեցնում իր կյանքում ու ստեղծագործական ճանապարհին։

«Աննկարագրելի ցավ։

Այնքան բան կա գրելու, այնքան բան կա պատմելու… Այնքան շատ, որ բառերը պարզապես չեն հերիքում։

Նկարահանման հրապարակի հայրս… Այնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում։ Դուք իմ ավագ ընկերն էիք, իմ խորհրդատուն, այն մարդը, ում հետ կարող էի կիսվել ամեն ինչով, խոսել ամեն թեմայից, լռել ու միևնույն է՝ հասկացված լինել։

Ցանկանում էիք ինձ երջանիկ տեսնել։ Անընդհատ ասում էիք, որ ես իմ մասին չեմ մտածում։ Հորդորում էիք ավելի շատ ապրել, ավելի շատ սիրել կյանքը։ Մեր վերջին զրույցներից մեկի ժամանակ ասացիք. «Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել…»։

Հիշելով վերջին հանդիպումները՝ Դիանա Գրիգորյանը նշել է, որ այդ խոսքերն այժմ անընդհատ հնչում են իր ականջներում, իսկ Արտաշես Ալեքսանյանի կորստի ցավը չափազանց մեծ է՝ բառերով արտահայտելու համար։

Գրառման ավարտին նա հիշել է նաև դերասանի ամենաբնորոշ պատասխաններից մեկը, երբ հարցնում էր նրա ինքնազգացողության մասին.

«Լավ ասեմ, որ լավ լինեմ…»։