2026թ․-ի աստղային կորուստները․ վերհիշենք նրանց

2026 թվականը ցավալի կորուստներով սկսվեց և շարունակվեց հայ մշակույթի ու արվեստի համար։ Տարվա ընթացքում կյանքից հեռացան մի շարք սիրված և մեծ վաստակ ունեցող արվեստագետներ, որոնցից յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել հայկական մշակույթում։
Տարվա առաջին ցավալի լուրը դերասանուհի Զառա Արամյանի մահն էր։ Նա կյանքից հեռացավ հիվանդանոցում՝ սրտի լուրջ խնդիրների և թթվածնի անբավարարության հետևանքով։ Նրան ճանաչողները հիշում են որպես մշտապես ժպտերես, կենսասեր և հավատով լի մարդ։

Մեծ ցավ պատճառեց նաև երգիչ Գագիկ Հարությունյանի անժամանակ մահը։ Նա կյանքից հեռացավ սրտի կաթվածի հետևանքով։ Նրա երիտասարդ տարիքը կորստի ցավն ավելի խորացրեց թե՛ հարազատների, թե՛ երկրպագուների համար։

2026 թվականին կյանքից հեռացավ նաև դերասան Լևոն Տեր-Պետրոսյանը։ 2025 թվականի օգոստոսի վերջին նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղի չորրորդ փուլ, որն արդեն տարածվել էր նաև լյարդի վրա։ Չնայած ծանր ախտորոշմանը՝ դերասանը չհանձնվեց, փորձեց բուժման բոլոր հնարավոր տարբերակները և վերադարձավ Հայաստան՝ շարունակելու բուժումը, սակայն հիվանդությունը հաղթահարել չհաջողվեց։

Ծանր կորուստ էր նաև ամերիկահայ դերասան Խաչատուր Հունանյանի մահը։ Նա շուրջ վեց ամիս պայքարեց քաղցկեղի դեմ, բուժման նպատակով մեկնեց Գերմանիա, սակայն, ցավոք, բոլոր ջանքերն ապարդյուն եղան։ Մինչև կյանքի վերջին օրերը նա չէր կորցնում հավատն ու լավատեսությունը։ Նրա մահը ավելի քան մեծ հարված էր հայ ժողովրդի համար։

Օրեր առաջ կյանքից հեռացավ նաև ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։ Նա մահացավ 84 տարեկան հասակում՝ թողնելով հարուստ երաժշտական ժառանգություն և բազմաթիվ սիրված երգեր։

2026 թվականի ամենածանր կորուստներից մեկն էլ դարձավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահը։ Նրա ավանդը հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում անգնահատելի է։ Տասնամյակներ շարունակ նրա կերտած կերպարները սիրվեցին հանդիսատեսի կողմից և դարձան հայկական արվեստի կարևոր էջերից մեկը։

Այս մեծ արվեստագետների բացակայությունը երկար տարիներ զգացվելու է, սակայն նրանց թողած ստեղծագործական ժառանգությունն ու հիշատակը կապրեն հայ ժողովրդի սրտերում։

















