Աստղային օրվա ամփոփում․ Գոռ Հակոբյանի որդու բուժման գումարը հավաքվեց, Մհեր Բաղդասարյանի հրապարակումը՝ քննադատությունների կենտրոնում, Կարեն Ասլանյանի հուզիչ հրապարկումը

Այսօր համացանցում ամենաշատ քննարկված թեմաներից մեկը դերասան Գոռ Հակոբյանի ընտանիքի շուրջ զարգացող իրադարձություններն էին։ Դերասանը նոր հայտարարությամբ տեղեկացրեց, որ որդու՝ Ֆելիքսի բուժման համար անհրաժեշտ ամբողջ գումարը արդեն հավաքվել է, և դրամահավաքը դադարեցվում է։

Դրամահավաքի հաջող ավարտին արձագանքել են բազմաթիվ հայտնիներ։
Դերասան Գրիգոր Դանիելյանը հուզիչ գրառում է կատարել՝ նշելով, որ անհրաժեշտ գումարը հավաքվել է ընդամենը 36 ժամում։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ֆինանսապես աջակցել են կամ տարածել տեղեկատվությունը։

Իր հերթին դերասան և հումորիստ Արմեն Պետրոսյանը (Մենչ) նույնպես խոսել է այս մասին՝ նշելով, որ գումարը հավաքվել է մարդկանց միասնականության շնորհիվ։ Նրա խոսքով՝ այսուհետ մնում է միայն աղոթել փոքրիկ Ֆելոյի առողջության համար։

Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը, երկար դադարից հետո նույնպես հրապարակում է արել։ Նա հույսով լի խոսքերով գրել է, որ ամեն ինչ լավ է լինելու, և ինչպես գարնան ծաղիկները, կյանքը կրկին կծաղկի։

Դրամահավաքին արձագանքել է նաև հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ ուրախությունից լացել է և հույս հայտնել, որ նման միասնականությունը կդրսևորվի նաև երկրի կարևոր հարցերում։

Օրվա քննարկվող թեմաներից էր նաև հաղորդավար Մհեր Բաղդասարյանի նոր նախագիծը։ Նա լուսանկարներ էր հրապարակել Ալեն Սիմոնյանի հետ՝ տեղեկացնելով, որ «TETE A TETE» հաղորդման առաջին զրույցը հենց նրա հետ է նկարահանվել ՀՀ Կառավարական ամառանոցում։ Սակայն հրապարակումը սոցիալական հարթակներում բազմաթիվ քննադատությունների պատճառ դարձավ, ինչից հետո Մհեր Բաղդասարյանը և պրոդյուսեր Արա Ղազարյանը տեսանյութով անդրադարձան մեկնաբանություններին։

Մշակութային կյանքում ևս հետաքրքիր հրապարակում եղավ․ երգչուհի Մաշ Իսրայեյանը ներկայացրեց իր դստեր՝ Աննայի նոր ֆոտոշարքը։ Փոքրիկի լուսանկարները մեծ արձագանք ստացան, իսկ երգչուհին նշել է, որ դուստրը պատրաստ է փորձել իրեն մոդելային ոլորտում և բաց է համագործակցությունների համար։

Հուզիչ իրադարձություն է տեղի ունեցել նաև 44-օրյա պատերազմում զոհված եղբայրների՝ Արմենի և Ռուբենի ընտանիքում։ Նրանց կրտսեր եղբոր՝ Ռաֆֆիի և քրոջ՝ Լիլիթի մկրտության արարողությանը ներկա են գտնվել հայտնի հյուրեր՝ դերասան Կարեն Ասլանյանը, երգիչ Հայկ Զարեհը և հաղորդավարուհի Նանե Արզումանյանը։ Միջոցառումը լի էր հուզիչ պահերով, իսկ ներկաները ևս մեկ անգամ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոսների հիշատակին։